▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոգևոր առաջնորդի կեղծված ընտրություններ.Կանադահայ համայնքը արդարություն է պահանջում

Կանադայի  հայությունը ոտքի է ելել` ի պաշտպանություն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի: Նրանք համոզված են` Հայ առաքելական եկեղեցու Կանադայի թեմի հոգևոր առաջնորդի ընտրությունները կեղծված են, ըստ նրանց` դրանք ուղեկցվել են բազմաթիվ կեղծիքներով և չեն արտահայտում ժողովրդի կամքը:

Կանադայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի ընտրությունները տեղի են ունեցել  օրեր առաջ` մայիսի 25-26-ին`  Մոնրեալ քաղաքում:  Իրենց թեկնածությունն էին առաջադրել  Կանադահայ համայնքի գործող առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տեր Տաճատ ծայրագույն վարդապետ  Յարդմյանը և ԱՄՆ Չիկագո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հովիվ Տեր Արեն աբեղա Ջեբեջյանը:

Ընտրությունների արդյունքները տհաճ անակնկալ էին բոլորի համար: Գրեթե ողջ համայնքը համոզված էր, որ կվերընտրվի համընդհանուր հարգանք ու սեր վայելող Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սակայն  10 տարի Կանադայի համայնքին ծառայած առաջնորդը  ընդամենը  1 ձայնի տարբերությամբ պարտություն կրեց:  Հոգևոր հոր ծառայության ընթացքն  առանց չափազանցության կարելի է բնութագրել որպես զարթոնքի տարիներ: Անկախ ծառացած  դժվարություններին, որոնք  բազմաթիվ են,  հոգևոր առաջնորդը չափազանց կարևոր  առաքելություն է իրականացրել` մեծ դեր ունենալով հայապահպանության գործում: Նրա գործունեությունն առավել լայն ոլորտներ է ընդգրկել` հոգևոր առաքելությունից զատ` նաև  հասարակակա-քաղաքական,  մշակութային:   Այդ մասին կարող է վկայել  յուրաքանչյուր կանադահայ:

Ստեղծված իրավիճակը շտկելու հավատով` Կանադահայ համայնքը խնդրանքով դիմել է ՆՍՕՏՏ Գրեգին Բ-ին` չվավերացնել խախտումներով ուղեկցված ընտրությունների արդյունքները:

Ընտրություններին հաջորդած 5 օրերի ընթացքում օնլայն և ձեռագիր տարբերակներով հավաքվել է 3500-ից ավելի ստորագրություն` ի պաշտպանություն Սրբազան Հոր:

«Բոլորս սպասում էինք,ավելին` համոզված էինք, որ պետք է վերընտրվի Բագրատ Սրբազանը, որովհետև սիրված է բոլորի կողմից, սակայն խախտումներով, խարդախությամբ ընտրվել է մյուս թեկնածուն: Կանադայի հայությունը ոտքի է ելել և արդարություն է պահանջում: Բոլորս սպասում ենք Վեհափառի որոշմանը»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կանադայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:

Նրա փոխանցմամբ`Սրբազանը սիրված է բոլորի կողմից: Մարդիկ  ոչ թե մյուս թեկնածուին չեն ընդունում, այլ ցանկանում են, որ հենց Սրբազանը շարունակի իր ծառայությունը: Կանադահայ համայնքը վերընտրություն է պահանջում:

Մեր զրուցակիցներից մեկի խոսքով`բազմաթիվ  մարդիկ հայտարարել  են, որ այլևս ոտք չեն դնելու եկեղեցի, ետ են կանչելու իրենց նվիրաբերված գումարները, այլևս չեն հովանավորելու եկեղեցու և ոչ մի նախաձեռնություն:

 Ֆեյսբուք սոցիալական ցանցում էջ է բացվել` ի պաշտպանություն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, որտեղ հարյուրավոր մարդիկ իրենց սրտի խոսքն են գրում, հայտնում են իրենց վրդովմունքը` տեղի ունեցածի մասին և վստահությունը`հոգևոր առաջնորդին:

«Սա այն դեպքն է, երբ նույնիսկ եկեղեցական կյանքից հեռու մարդիկ հստակ գիտակցելով, թե ինչ է պատահել, իրենց ձայնն են բարձրացնում` կանգնեցնելու համար համայքնի ներսում տեղի ունեցած իրադարձությունների ավերիչ հետևանքները:
Առաջին անգամ է, որ մարդիկ ուզում են պաշտպանել իրենց եկեղեցին որոշ անազնիվ և կեղծավոր անձերից, որոնք փորձում են եկեղեցին դարձնելով լոկ հայկական ինչ-որ մի հերթական ակումբ, այնտեղից հեռու պահելով երիտասարդությանը, այն դարձնել իրենց անձնական նպատակների իրագործման գործիք` դրանով իսկ կանգնեցնել հայ համայնքի երիտասարդական շարժումը և դրա բոլոր նախաձեռնությունները:

Մեր Վեհափառը այս ամենից ֆիզիկապես հեռու է, սակայն մենք հավատում ենք, որ նա իր համայնքի հետ է, և թույլ չի տա, որ մի քանի մարդիկ հիմնահատակ քանդեն այս ծաղկուն համայնքը: Վեհափառ Տեր, խնդրում ենք օգնել»,-   գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը: Նման գնահատականները, մտահոգություները բազմաթիվ են:

Կանադահայ համայնքը սպասում է Վեհափառի արձագանքին:

 Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին