▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օրն է

Հունիսի 15-ը պետական խորհրդանշանների օրն է, որի նպատակը ազգային արժեքների պահպանումն ու դրանց նկատմամբ ակնածանք և խորը հարգանք ձևավորելն է:  ՀՀ խորհրդանշաններն են դրոշը, զինանշանը, օրհներգը:

«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին, իսկ 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։


ՀՀ դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար, կապույտը` հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։

«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին: Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:


2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը:

Զինանշանի կենտրոնում,  վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշեսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

ԻՆչ վերաբերում է ՀՀ օրհներգին, ապա ՀՀ  Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը: 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքը: ՀՀ օրհներգը «Մեր հայրենիքն» է: Տեքստի հեղինակն է Միքայել Նալբանդյանը, երաժշտությունը՝ Բարսեղ Կանաչյանի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին