Այս օրերին բազմաթիվ կայքերում մենք տեսնում ենք բնական ջրերից մեկի գովազդը՝ երգչուհի Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Հայտնի է, որ այդ ջուրն արտադրող ընկերությունը պատկանում է գործարար Ռուբեն Հայրապետյանին: Նախորդ տարվա հունիսին Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո գիտակից հասարակությունը պետք է բոյկոտ հայտարարի Հայրապետյանին պատկանող ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, ԶԼՄ-ները պետք է հրաժարվեն դրանք գովազդելուց: Հիմա շուկայական հարաբերություններ են և առանց գովազդի հեռուստատեսությունները դժվար են պահպանում իրենց գոյությունը, սակայն ապրանքնիշեր կան, որոնց գովազդելը ցինիզմ է:
Շատ ընկերություններ պայմանագրեր են կնքում ճանաչված մարդկանց հետ՝ դարձնելով վերջիննրիս ընկերության գովազդային դեմքը:
Դա ընդունված տարբերակ է և դրա մեջ վատ բան չկա:
Այստեղ խնդիրը գովազդվող ապրանքն է:
Երգչուհի Իվետա Մուկուչյան իր ճանաչումը ձեռք է բերել ժողովրդի շնորհիվ, իսկ ժողովրդի որոշ հատվածի համար վիրավորական կլինի տեսնել երգչուհուն Ռուբեն Հայրապետյանի ընկերության արտադրանքը գովազդելուց:
Հարսնքարի դեպքը շատ մեծ հնչեղություն ունեցավ:
Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մեկը կարող է չիմանալ այդ մասին: Սակայն հայ երգիչների պարագայում զարմանալի չի լինի, եթե նրանցից մեկը չիմանա այդ մասին: Անտեղյակությունը կլինի երգչուհու միակ արդարացումը: Տեղյակ եմ, որ նա պատրաստվում է նկարահանվել նոր գովազդում:
Կոչ եմ անում Իվետա Մուկուչյանին՝ որպես հանրային մարդ ունենալ պատասխանատվություն հանրության առաջ և հրաժարվել համագործակցությունից:
Հարություն Թովմասյան
Asekose.am-ի ընթերցող