Նախօրեին Ադրբեջանի զինված ուժերի կողմից հերթական անգամ խախտվել է հրադադարի ռեժիմը: ՀՀ Տավուշի մարզի Այգեպար գյուղի ուղղությամբ կրակոցներ են հնչել:
ASEKOSE.am-ի թղթակիցը քիչ առաջ կապ է հաստատել սահմանամերձ Այգեպար համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանի հետ` պարզելու համար, թե ինչ իրավիճակ է գյուղում:
Նրա խոսքով` գիշերը կրակոցներ եղել են, սակայն հայտնի չէ, թե ինչ ուղղությամբ:
Այսօր առավոտից ևս պարբերաբար կրակոցներ են լսվում, սակայն միայն դիրքերի ուղղությամբ: Գյուղացիները վնասներ չեն կրել, համենայդեպս, այս պահի դրությամբ` դեռ ոչ ոք չի հայտնել այդ մասին:
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ ժամը 23:55-ի սահմաններում Այգեպար գյուղի մարտական հենակետում հակառակորդի արձակած գնդակից ձախ ազդրի միջանցիկ վիրավորում է ստացել զինծառայող Արմենակ Շամիրի Այվազյանը: Վիրավոր վիճակում Այվազյանը մեքենայով փորձել է հեռանալ վտանգավոր գոտուց, սակայն հակառակորդը կրակ է բացել մեքենայի դիմապակու ուղղությամբ, ինչի արդյունքում Այվազյանը ստացել է աջ դաստակի հատվածում երկրորդ վիրավորումը:
Արմենակ Այվազյանը գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է կայուն:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան