▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարմիր խաչը զբաղվում է Ադրբեջանում գերեվարված զինվորի հարցով. նոր մանրամասներ

Արդեն տեղեկացրել ենք, որ ԼՂՀ  ՊՆ  Մամուլի ծառայության հաղորդմամբ` օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:

ASEKOSE.am-ի թղթակիցը կապ է հաստատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի հետ` պարզելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում գերեվարված զինվորին վերադարձնելու ուղղությամբ:

Գրասենյակից մեզ հաղորդեցին, որ ԿԽՄԿ-ն միջադեպի կապակցությամբ արդեն որոշակի քայլեր ձեռնարկել է:  Մասնավորապես, դեպքի մասին արդեն տեղեկացրել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  Բաքվի գրասենյակին, սակայն, քանի որ այսօր այնտեղ ոչ աշխատանքային օր է, հետագա քայլերի մասին մանրամասներ չկարողացան մեզ հաղորդել:

«Նման դեպքերում սովորաբար հաջորդ քայլը ԿԽՄԿ-ի այցելությունն է ռազմագերուն, սակայն այս պահի դրությամբ զինվորի մասին որևէ հստակ տեղեկություն չենք կարող հաղորդել, քանի որ այնտեղ ոչ աշխատանքային օր է»,-տեղեկացրին ԿԽՄԿ-ի երևանյան գրասենյակից:

Ի դեպ` Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովն արդեն հաստատել է հայ զինվորի գերեվարման փաստը:

Հիշեցնենք, այսօր  ադրբեջանական մամուլը  ևս  անդրադարձել է միջադեպին: Որոշ լրատվամիջոցներ` մասնավորապես «ԱՊԱ» գործակալությունը,  հերթական ապատեղեկատվությունն էր տարածել այն մասին, թե իբր հայ զինվորները երկուսն են եղել, որոնցից մեկը փորձել է փախչել չեզոք գոտի, սակայն  իբր պայթել է ականի վրա: Լուրն ավելի ուշ հերքվել է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանի կողմից:

                                            Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին