Արդեն 19-րդ օրն է, որ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը գտնվում է գերության մեջ: Վերջին օրերի ընթացքում ամենաակտիվ քննարկումների, մեկնաբանությունների, հաճախ էլ անհարկի շահարկումների կիզակետում Հակոբն է` հատկապես զինվորի երկրորդ «հարցազրույցից» հետո: Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն որերորդ անգամ գործեց հին ձեռագրով` անտեսելով բարոյական բոլոր արժեքները, խախտելով Ժնևյան կոնվենցիայի դրությները: Ու արդեն որերորդ անգամ հասարակության մի հատված միամտորեն ընկավ ծուղակը` քննադատելով, ընդհուպ մինչև ազգի դավաճան որակելով սեփական զինվորին: Շատերի համար ադրբեջանական վայրահաչոցն ընդունեց որպես ճշմարտություն: Ադրբեջանը հնարավոր ու անհնարին բոլոր միջոցներով օգտագործեց մեր զինվորին` մի քանի նպատակներով. նախընտրական շրջանով պայմանավորված` մեսիջ ուղարկեց սեփական ներքին լսարանին, և փորձեց մեր մեջ ատելություն սերմանել զինվորի նկատմամբ:
«Հարցազրույցին» անդրադառնալն ու մեկնաբանելն ավելորդ ենք համարում. Մի քանի նկատառում միայն.
«Հարցազրույցի» ամբողջ ընթացքում շեշտվում էր ղարաբաղցի-հայ տարբերակումը,
Ստեփանակերտի փոխարեն` Խանքենդի,
զրուցավարը, չգիտես ինչպես իմանալով Հակոբի ասելիքը, հուշում էր նրան...
Շարքն անվերջ կարելի է շարունակել…
Համոզված լինելով, որ «հարցազրույցը» պարտադրված էր, այնուամենայնիվ ASEKOSE.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է Հակոբի հորեղբորորդու` Արման ինջիղուլյանի հետ, ով մեզ որոշ մանրամասներ հաղորդեց:
«Մենք բոլորս համոզված ենք, որ ամեն ինչ ստիպողաբար է եղել: Հակոբի ծնողները, հարազատները, նրան ճանաչողները գիտեն, որ հայրենասեր է, ու նման բաներ պարզապես չէր կարող ասել սեփական կամքով:Մենք իրեն ճանաչելով շատ պարզ տեսնում ենք, որ ստիպել են տեքստը անգիր անել: Հստակ երևում է, որ ասել են` կժպտաս: Պահեր կան, որ մոռանում է տեքստը, ու հուշում են»,- մեզ հետ զրույցում ասաց Արմանը` հավելելով.
«Ախր Հակոբն ինչ պիտի իմանար սոցիալ-քաղաքական վիճակի մասին, որ խոսեր»:
Անդրադառնալով այն հատվածին, որտեղ Հակոբն «ասում է», թե իբր քթի միջնապատի երկրորդ աստիճանի կոտրվածք ունի, Արմանն այսպես մեկնաբանեց.
«Միգուցե մի փոքր դժվար է շնչում, բայց նման բան չկա, կոտրվածք չունի»:
Արմանի խոսքով` իրականությանը չեն համապատասխանում նաև բանակից ազատվելու կամ մոտիկ տեղ ծառայելու համար գումար տալու մասին Հակոբի ասածները:
«Նման բան երբեք չի եղել, նման խոսակցություն անգամ չի եղել, Հակոբը միշտ տրամադրված է եղել ծառայությանը: Իսկ ծառայության ժամանակ որևէ խնդիր չի ունեցել: Հստակ երևում է, որ ստիպողաբար է ասում»:
Հ.Գ. Հաստատ որևէ մեկի համար այնքան դժվար ու ցավոտ չի եղել, որքան Հակոբի ու իր հարզատների:
Հակոբը Հայոց բանակի զինվոր է, ով նախքան գերեվարվելը սահման է պահել:
Հակոբն ընտանիք ունի, հարազատներ, երազանքներ, նպատակներ, որոնք անպայման կիրականացնի հայրենիքում:
Պարզապես զերծ մնանք անհարկի մեկնաբանություններից:
Հասմիկ Գյոզալյան