Երեկ երեկոյան Դատապարտյալ Արման Դալլաքյանը մահացել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը լրատվամիջոցներին նշում է, թե մահվան պատճառների մասին առայժմ խոսել չի կարող:
Օրեր առաջ ASEKOSE.am-ը տեղեկացրել էր, որ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ 41-ամյա Արման Դալլաքյանն օրեր շարունակ անօգնական վիճակում է գտնվում:
Ըստ մեր տեղեկությունների` շուրջ 10 օր դատապարտյալն անտարբերության է մատնված եղել, իսկ դեռևս չպարզված հիվանդությունը նրան ի սպառ հյուծել էր:
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Արման Դալլաքյանին տեղափոխել էին 3-րդ կլինիկական հիվանդանոց և անմիջապես ետ վերադարձրել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ :
Հարազատները վստահ են, որ եթե Արման Դալլաքյանին տեղափոխեին քաղաքային հիվանդանոց և դատապարտյալը նորմալ բուժում ստանար, հնարավոր կլիներ փրկել նրա կյանքը:
Հիշեցնենք, որ ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանում ստանալու նպատակով կապ էր հաստատել Գոռ Ղլեչյանի հետ, ով հերքել է տեղեկությունը` մասնավորապես ասելով.
«Դատապարտյալը նման խնդիր չունի, նրա մոտ առկա է աչքի խնդիր` վերին կոպի ֆլեգմոնա: Այժմ գտնվում է դատապարտյալների հիվանդանոցում: Պրոֆեսոր է հրավիրվել, վիրահատվել է, այս պահին բուժումն ընթացքի մեջ է»:
Արման Դալլաքյանը ձերբակալվել էր 2 տարի առաջ` ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչության կողմից` պաշտոնյաների տները ավազակային հարձակումների ենթարկած խմբի հետ միասին: