Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին, ըստ տարածված լուրերի, այսօր երեկոյան կալանավորել են և տարել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Հիշեցնենք,որ ուրբաթ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինել է կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:
Ավելի ուշ, Սուրեն Սուրենյանցը, խոսելով քրեական գործի մասին, որով նա անցնում է, լրատվամիջոցներին հայտարարել էր, որ, ըստ էության, քրեական գործ գոյություն չունի։
«Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք - պահանջ չկա։Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է»,-նշել էր Սուրեն Սուրենյանցը։