▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հոկտեմբերի 7-11-ը Հայաստան կգան 165 գիտնականներ` աշխարհի 35 երկրներից

Երևանում  հոկտեմբերի 7-11-ը կկայանա Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) թվով 304-րդ  գիտաժողովը: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՄԱՄ միջազգային գիտական կազմկոմիտեի համանախագահ, տեղական կազմկոմիտեի նախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանը:

«Միությունը ներառում է 64 պետություն: Երբ Հայաստանն անկախացավ` ՄԱՄ-ի և Գիտությունների ազգային ակադեմիայի միջև պաշտոնապես փաստաթուղթ ստորագրվեց, որով էլ դարձանք միության անդամ»:

Արեգ  Միքայելյանի խոսքով գիտաժողովը նվիրված է հայ անվանի աստղագետ Բենիամին Մարգարյանի 100-ամյակին և անցկացվում է «Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություններ» թեմայով.

«Բենիամին Մարգարյանն առաջինն էր, ով դիտումների արդյունքում հայտնաբերեց հատուկ դասի` սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող  շուրջ 1500 գալակտիկա, որոնք կոչվում են նրա անունով`  Մարգարյանի գալակտիկաներ»,-փաստեց աստղագետը:

Գիտաժողովին կմասնակցեն 165 գիտնականներ` աշխարհի 35 երկրներից:

Նշենք, որ Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ, IAU),  ամբողջ աշխարհի աստղագիտական միությունները միավորող կազմակերպություն։ Հիմնադրվել է 1919 թվականին Բրյուսելում (Բելգիա): Միության մեջ գործում են ավելի քան 50 մշտական հանձնաժողովներ և Գործադիր կոմիտեն։ Երեք-չորս տարին մեկ անգամ (ընդհատում եղել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին) անդամ-երկրներից մեկում տեղի է ունենում կազմակերպության Գլխավոր ասամբլեա (համաժողով)։

 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին