Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով հոկտեմբերի 20-ին Հայաստանի գրողների միությունում հրավիրված համագումարի մասին, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը կարծիք է հայտնել, որ որպես միության նախագահի թեկնածու հնարավոր է առաջադրվի նաև Վանո Սիրադեղյանը:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Աբգար Ափինյանը խոսելով իր այդ հայտարարության մասին` ասաց.
«Որևէ տվյալ, փաստ չունեմ, որ Վանո Սիրադեղյանը կարող է գալ Հայաստան և մասնակցել համագումարին: Առաջին գրականագետն եմ եղել, որ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում կազմակերպեցի Վ. Սիրադեղյանի «Ծանր լույս» գրքի հանդիպումը: Հիացած եմ նրա արձակով»,-ասաց Աբգար Ափինյանը` հավելելով, որ նման հայտարարություն արել է` ելնելով մի շարք խոսակցություններից, որոնք փաստում են, որ հասարակությունը երազում է նրա վերադարձի մասին , չէ՞ որ նա հայ արձակի հիմնադիրներից է:
Հարցին, թե արդյո՞ք Երևանի գրողների միության նախագահը չի ցանկանում դառնալ նաև ՀԳՄ նախագահ, Ա. Ափինյանը պատասխանեց.
«Ես հիմա նախագահ եմ և ավելիին չեմ ձգտում: Գրողները պետք է ձգտեն հրաժարվել պաշտոնից. Որքան շուտ, այնքան լավ: Մեր աշխատանքում պետք է թերագնահատենք պաշտոնը և ժողովրդի մեջ մնանք անունով` ինչպես Հովհ. Թումանյանը, Ղ. Աղայանը և ուրիշներ»:
Խոսելով արդեն հայտնի մի քանի թեկնածուների մասին` Ա. Ափինյանն ասաց, որ բարձր է գնահատում և’ Էդուարդ Միլիտոնյանին, և’ Մերուժան Գուլանյանին , և’ Հրաչյա Սարուխանին:
Ինչ վերաբերում է հարցին, թե որո՞նք են առաջնային այն խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի ապագա ՀԳՄ նախագահը, Ա. Ափինյանը պատասխանեց, որ ցանկալի է վերացվի 1937 թվականից ի վեր գործող միակենտրոն կառույցը:
«Գրական աշխարհին բնորոշ է բազմաբևեռայնությունը, պետք է սկսեն գործել գրական ասոցացիաները, որոնք կունենան իրենց էսթետիկան, որպեսզի սա նպաստի ստեղծագործական առաջընթացին»:
Անի Կարապետյան