▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լարկո Գրուպը» կատարել է օրենքի բոլոր պահանջներն անխտիր. իրավաբան

Ամիսներ առաջ հանրության ուշադրության կիզակետում  Սայաթ-Նովա 12-ի հայտնի իրադարձություններն էին:

«Լարկո Գրուպ» ՍՊԸ-ն շենքի հարևանությամբ գտնվող ներկայիս կաթսայատան տարածքը  ձեռք է բերել՝ բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով: Սակայն շինարարական աշխատանքներ այդպես էլ չսկսվեցին, քանի որ շենքի մի խումբ բնակիչներ բողոքեցին որոշման դեմ` ամենատարբեր հիմնավորումներով: Ո՞րն է իրականում խնդիրը: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է ստանալ ընկերության իրավաբան Աշոտ Աբրահամյանից:

Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի 3-րդ գլխի (Քաղաքաշինական գործունեության սուբյեկտների իրավունքը և պարտականությունները) դրույթներից մեկը սահմանում է, որ կառուցապատողները պարտավոր են  կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարա-պետաշինարարական նախագծին համապատասխան՝ շինարարության թույլտվության հիման վրա(Մեջբերում օրենքից):

Այսինքն՝ կառուցապատումն իրականացնելու համար անհրաժեշտ է ստանալ թույլտվություն՝ օրենքով սահմանված կարգով: Գործընթացը բաղկացած է մի քանի փուլերից: «Լարկո գրուպ» ՍՊԸ-ի իրավաբան Աշոտ Աբրահամյանը ներկայացրեց  օրենքի պահանջները՝ շեշտելով, որ ընկերությունը  օրենքով սահմանված ողջ գործընթացն անցել է:

Առաջին փաստաթուղթը ճարտարապետահատակագծային առաջադրանքն է, որը սահմանում է, թե ինչ կարող է տվյալ տարածքում կառուցվել: Դրան հաջորդում է նախագծային փուլը: Ճարտարապետը  նախագծում է կառույցը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքին համապատասխան: Դրանից հետո նախագիծը փորձաքննության է ներկայացվում՝ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների կողմից: Վերջին փուլն անցնելուց հետո միայն կառուցապատողն ստանում է շինարարության թույլտվություն, որն իրավունք է վերապահում  իրականացնել տվյալ օբյեկտի կառուցումը: Տվյալ պարագայում` իրավաբանի խոսքով` «Լարկո Գրուպը»՝ որպես կառուցապատող,   կատարել է Քաղաքաշինության մասին ՀՀ  օրենքի բոլոր պահանջներն անխտիր: Սակայն շինարարական աշխատանքներն այդպես էլ չեն իրականացվել.

«Երբ ընկերությունը փորձել է շինարարությունը սկսել, հանդիպել է տարբեր խոչընդոտների: Բնակիչների կողմից լարվածություն է ստեղծվել, ովքեր չունենալով իրավական հիմքեր, զուտ իրենց ցանկություններն արտահայտելով բողոքել են` պնդելով, թե իբր ընկերությունն իրավունք չունի այդ տարածքում շինարարություն սկսել: Բայց, Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքի համաձայն՝ եթե  կառուցապատողն ունի շինթույլտվություն, նշանակում է՝ անցել է  նախորդ բոլոր փուլերը: Այսինքն՝ որևէ խախտում, որևէ  անօրինական գործունեություն «Լարկո Գրուպը»  չի իրականացրել»,-մեզ հետ զրույցում ասաց Աշոտ Աբրահամյանը:

Բնակիչները փաստում էին, որ իրենց պայքարը նոր փուլ է թևակոխել այն բանից հետո, երբ իրավաբանի կողմից նամակ են ստացել, որը նրանք որակել էին որպես «սպառնալիք»: Բնակիչներին ուղղված նամակ իսկապես եղել է: Սակայն իրականում նախապահանջ է ներկայացվել: Իրավաբանի մեկանաբնությամբ՝

«Ես՝ որպես ընկերության փաստաբան, երբ տեսա, որ օրինական բոլոր պահանջները կատարված են, բայց խոչընդոտողներ կան, որոնք թույլ չեն տալիս տարածքում շինարարություն իրականացնել, բնականաբար, ելնելով իմ պարտականություններից, դիմեցի բնակիչներին՝ ընկերության անունից նախապահանջ ներկայացնելով, որ մի խոչընդոտեք շինարարությանը,  որովհետև «Լարկո գրուպը» օրինական իր գործողություններն է կատարում»:

Համաձայն օրենքի՝  եթե կառուցապատողը շինթույլտվություն  է ստանում և սահմանված  ժամկետներում չի  ավարտում շինարարությունը, ապա կառուցապատողը ենթակա է տուգանման՝ նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:

«Եթե  շինարարական աշխատանքները ուշանան,  կազմակերպությունը կարող է ենթարկվել վարչական տուգանքների:  Այդ իսկ պատճառով խնդրեցինք բնակիչներին չխոչընդոտել կառուցապատմանը, հակառակ դեպքում Ընկերությունը վնասներ է կրում, որի պարագայում ստիպված կլինենք վնասների փոխհատուցումը պահանջել  իրենցից,  քանի որ գույքի լիարժեք տնօրինման իրավունքը դա ընկերության սահմանադրական իրավունքն է»,- հավելում է  իրավաբանը:

Աշոտ Աբրահամյանի հավաստամամբ՝  բնակիչները որևէ իրավական փաստաթուղթ չունեն, որով կհաստատվի իրենց  պնդումները, այն մասին, որ առկա է խախտում, թե ոչ:

«Ամեն ինչը բանավոր է:  Երբեմն նույնիսկ այն աստիճանի աբսուրդի է հասնում, որ անձը զանգահարում է և, որպես հիմնավորում, ասում՝ օդս կտրում ես… Ասում են՝ մենք գիտենք, խախտումը կա: Եթե կա, մենք շատ ուրախ կլինենք, որ փորձաքննություն անցկացնեն  և մատնացույց անեն խախտումները»:

Այս պահին շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են մինչև Երևանի քաղաքապետարանը իրականացնի լրացուցիչ քննարկում սեփականատիրոջ և որոշ բնակիչների հետ, որի մասին կառուցապատողը տեղեկացել է այդ բնակիչներից:

Քաղաքապետարանը,  ընկերությանը որևէ գրություն չի ուղարկել: Գրությունն ուղղված է եղել բնակիչներին: Սակայն, քանի որ այնուամենայնիվ նման գրություն կար քաղաքապետարանի կողմից, ընկերությունն սպասում է մինչև քաղաքապետարանը համապատասխան ուսումնասիրություններ անցկացնի:

 Աշոտ Աբրահամյանը գտնում է, որ մասնագիտական հատուկ գիտելիքներ չունեցող բնակիչները չպետք է որոշեն առկա է խատումներ, թէ ոչ: Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնել ցանկացած վարչական ակտ, քանի դեռ այն գործում է: Հակառակ դեպքում՝  բոլորը պարտավոր են այդ ակտի պահանջներին ենթարկվել:

«Ստացվում է,  որ դատական գործընթաց չեն սկսել, խուսափում են՝ չգիտեմ ինչու: Եթե համոզված են,  որ խախտում կա, թող դիմեն  դատարան, որ հասկանալի լինի իրենց դիրքորոշումը»,- ասում է Աշոտ Աբրահամյանը և հավելում.

«Եթե ասում են՝  խախտում եք ինչ-որ շինարարական նորմեր,  պարզ տրամաբանություն  գոյություն ունի՝ եթե այդ կաթսայատունն այդտեղ կառուցվել է  և մնացել մինչ օրս, ուրեմն որևէ շինարարական նորմ չի խախտվել»:

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին