▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ արել եմ` կարգով եմ արել, ինչ չեմ արել` օրենքով կանեմ, եղա՞վ. Գորիսի քաղաքապետ

ASEKOSE.am-ը նամակ էր ստացել քաղաքացիներից, որտեղ խոսվում էր Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի «սխրագործություններից»:  Մասնավորապես նշվում էր, որ «Նելսոն Ոսկանյանը չարաշահելով քաղաքապետի պաշտոնը, իր անվամբ քաղաքի կենտրոնական մասում (Մալինցով Խաչատուր 2/1) անվարձահատույց,որպես նվիրատվություն ձևակերպել է 900քմ տնամերձ` նոր տուն կառուցելու համար (պարիսպները արդեն պատրաստ են), Գորիս քաղաքի Սյունիքի 12Ա հասցեի կիսակառույցից (4-րդ միջն. դպրոցի հարևանութ-յամբ) իր անվամբ սեփականաշնորհել է 224 քմ տարածք, վճարելով 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամ և այն անմիջապես 9000000 (ինը միլիոն) դրամով վաճառել Գորիս քաղաքի բնակիչ Կ. Բալասանյանին, Տաթև համայնքի «Ցաքուտ» կոչվող տարածքից իր անվամբ սեփականաշնորհվել է 2500  քմ ստրատեգիական նշանակության հողատարածք,ընդամենը վճարելով 500000 (հինգ հարյուր հազար) դրամ: Տաթևի համայնքը նշված տարածքը ինքնուրույն տնօրինելու դեպքում կստանար մի քանի անգամ ավելի շահույթ (նշված գործարքը հովանավորողի գլուխը պետք է օձի գլխի նման ջարդել), տղայի`  Ոսկան Ոսկանյանի անվամբ քաղաքի Նարեկացի 2 հասցեում (կենտրոն) սեփա-կանաշնորհել է 108 քմ տարածք, ձևակերպելով իբրև աճուրդ, վճարելով ընդամենը 248000 (երկու հարյուր քառասուութ հազար) դրամ,  կնոջ` Անահիտ Մարտիրոսյանի անունով` նորից քաղաքի կենտրոնական մասերում սեփականաշնորհել է`

ա) Գ. Աշոտի 24 հասցեում` 117,2 քմ տարածք, վճարելով ընդամենը 537000 (հինգ հարյուր երեսունյոթ հազար) դրամ,

բ) Զորավար Անդրանիկի 23 հասցեում` 193 քմ առևտրի տարածք, գրեթե անվճար,

գ) Գ. Նժդեհի 18 հասցեում` 291,1 քմ տարածք, վճարելով ընդամենը 900000 (ինը հար-յուր   հազար) դրամ,

դ) Գ. Աշոտի 24/22 հասցեում` 60քմ տարածք` գրեթե անվճար: Որոտանի Կասկադի  տնօրեն տխրահռչակ Սասուն և նրա տղա Կարեն խաչատրյաններին սեփականության իրավունքով հատկացվել են`

ա) Գորիս քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող նախկին երաժշտական դպրոցի շենքը, շուրջ 600 քմ, 2013թ. ապրիլ ամսում` ընդամենը 3,5 միլիոն դրամով, այն դեպքում, որ դրա իրական արժեքը 10-պատիկ անգամներ ավելի է (այն իրենից ներկա-յացնում է 10 հատ 3 սենյականոց բնակարան), Գորիս քաղաքի Սյունիքի 12Ա հասցեի կիսակառույցից (4-րդ միջն. դպրոցի հարևա-նությամբ) 224 քմ տարածք, 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) դրամով, կարճ ժամանակ անց սասունը այն 9000000 (ինը միլիոն) դրամով վաճառել է քաղաքացի Հարություն Լենդրուշի Դավթյանին,

գ) Գորիս քաղաքի Արցախյան խճուղի 45 հասցեում 300քմ սպասարկման տարածք, ընդամենը 295000 (երկու հարյուր իննսունհինգ հազար) դրամով, որը կարճ ժամանակ անց Սասունը վերավաճառել է քաղ. Ա. Բաղդասարյանին` մի քանի անգամ ավելի գումարով, Գորիս քաղաքի կենտրոնում գտնվող դատախազության  նախկին շենքի  2-րդ հարկի մի ամբողջ տարածք (120քմ) սեփականության իրավունքով տրվել է Լիսկայի մարդասպան որդու և թիկնապահի տխրահռչակ փաստաբաններից մեկին` Մարտին Զիլֆուղարյանին, որը համայնքի բնակիչ չի հանդիսանում, Երևան քաղաքում ունի սեփական տպարան և նրա միակ առաքելությունը այն է, որ Լիսկայի  անունից գրքեր է գրում և տպագրում: Ինչու՞ այդ տարածքը չի  տրվել Գորիս քաղաքում տարիներ շարունակ վարձով ապրող մի քանի երիտասարդ ընտանիքների: Մեկնաբանությունը թողնում եմ ընթերցողներին: Հլու-հնազանդ և կամակատար ավագանու հետ համատեղ Նելսոնը թանկարժեք ավտո-մեքենաների որոշ արտոնյալ սեփականատերերի ազատել է գույքահարկի վճարումներից (միայն մի օրինակ` արդեն մի քանի տարիներ, տարեկան 60000 (վաթսուն հազար) դրամ գույքահարկ  չի վճարում Լիսկայի ավտովարորդի եղբայրը, բազմաթիվ բիզնեսների տեր Մասիս Ղևոնդյանը) »:

ASEKOSE.am-ի թղթակիցն  այս առիթով կապ հաստատեց Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանի հետ, ով մեզ հետ զրույցում  մինչև վերջ չլսելով իր  հասցեին արված մեղադրանքները և չցանկանալով ծանոթանալ նամակի  ողջ  բովանդակությանը` ասաց, որ ամեն ինչ հերյուրանք է.

«Այդպիսի բան չկա, հարգելիս , ես չեմ հիշում նման բան, ինչ վերաբերում է նվիրատվությանը, եթե լինի էլ` ապա այն արվում է ավագանու որոշմամբ, ես պաշտոն չեմ չարաշահում: Ամբողջը  համակարգվում է համայնքային իշխանությունների և համայնքի ավագանու միջոցով»,-ասաց քաղաքապետը` հավելելով.

«Համայնքային ոչ մի սեփականությունից չեմ օգտվել և չեմ էլ օգտվելու»:

Անդրադառնալով  տղայի`  Ոսկան Ոսկանյանի անվամբ քաղաքի Նարեկացի 2 հասցեում (կենտրոն) սեփականաշնորհված 108 քմ տարածքին,  որը ձևակերպելով իբրև աճուրդ` վճարել է  ընդամենը 248000 (երկու հարյուր քառասուութ հազար) դրամ, Ն.Ոսկանյանն ասաց.

«102 քմ: Դրանք  աճուրդում իրականացված  մակերեսներն են 400 քմ, որից մեկն էլ, ըստ մրցույթի հայտարարությունների,  շահել է Ոսկան Ոսկանյանը»:

Ինչ վերաբերում է 248000 դրամին, որը վճարվել է, քաղաքապետն ասաց, որ օրենքով ինչքան կարգն է, այնքան էլ վճարվել է:

Խոսելով կնոջ անունով սեփականշնորհված տարածքների մասին` Գորիսի քաղաքապետը նշեց.

«Ես մի քանի հարցերի պատասխանեցի, արդեն սկսել են գրել-մրել. Ինչ արել եմ կարգով եմ արել, ինչ  չեմ  արել` օրենքով կանեմ, եղա՞վ: Եթե պետությունը թույլատրում է գույքահարկի, հողի հարկի վճարումներից ազատելուն, ապա ունենք համապատասխան հանձնաժողով, նախարարությունն էլ է ստուգել, ամեն ինչ օրենքի, կարգի սահմաններում է»,-եզրափակեց Ն.Ոսկանյանը:

Նշենք, որ  նամակագիրները վերջում գրել են,  որ  քաղաքապետի չարաշահումներին, անօրինականություններին իրենց ակտիվ աջակցությունն են ցուցաբերել նաև «Կար-Գետափ» ՍՊԸ-ն, անշարժ գույքի կադաստրի  համապատասխան ստորաբաժանումները, նոտարական ծառայությունները և իհարկե` հլու-հնազանդ ավագանին:

«Միաժամանակ դիմելով ՀՀ իրավապահ մարմինների ղեկավարներին և Սյունիքի նորանշանակ մարզպետ Վ. Հակոբյանին, խնդրում ենք բաց, հրապարակայնորեն վերը նշված անօրինականությունների և չարաշահումների փաստերի հիմքերով ստուգել Նելսոն Ոսկանյանի ողջ գործունեությունը (նաև նախկին տարիների) և լուծել նրան և նրա հանց-կից ընկերներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին