Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 18-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն:
Ինչպես հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից, նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի կունենա Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Այցի շրջանակում Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2011թ. հունիսի 24-ին Կազանում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ: Հանդիպման ավարտին ընդունվել էր համատեղ հայտարարություն, որում նախագահներն արձանագրել էին, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։