▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենամեծ երազանքս Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալն է. Սիբիլ Փեքթորոսօղլու

Ստամբուլահայ սիրված երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուն առաջինն էր, ով իր թովիչ ձայնով ու գեղեցիկ հայերենով  գերեց անգամ թուրք հանդիսատեսին: Հովհաննես Շիրազի բառերի հիման վրա գրված նրա «Նամակ» երգի տեսահոլովակը ժամանակին «գրավեց» թուրքական ամենաազդեցիկ հեռուստաալիքները: Թուրքական  մամուլի հետաքրքրությունն ու արձագանքը չափազանց մեծ էին:

Երգչուհու  «Սիբիլ» ձայնասկավառակը, որտեղ ներառված են նաև «Տեր ողորմյա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» երգերը, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին՝ արժանանալով ջերմ արձագանքների:

Այժմ երգչուհին պատրաստվում է նոր՝ «Սեր» ձայնասկավառակի թողարկմանը, որը կներկայացվի  2014-ի հունվարին:

Սիբիլը ծնվել և մեծացել է Ստամբուլում, ընդամենը մի քանի տարի է սովորել հայկական նախակրթարանում, սակայն խոսում և երգում է հայերեն,  երազում երգել հինավուրց Անիում:

Առաջիկա ծրագրերի, երազանքների, Թուրքիայում հայկական երգերի նկատմամբ վերաբերմունքի, արձագանքների և այլ թեմաների շուրջ է ASEKOSE.am-ի թղթակցի զրույցը Սիբիլ Փեքթորոսօղլուի հետ:

-Սիրելի Սիբիլ, վստահ եմ՝ շատերին կհետաքրքրի. ի՞նչ ծագում ունի Ձեր անունը

-Կնքահորս՝  Արտաշես սարկավագ Նշանյանի փափագով են ինձ այդպես կոչել: Սիբիլն աստվածուհի է՝ հունական դիցաբանության մեջ: Կնքահայրս, սակայն, ինձ կոչել է անվանի գրող  Սիբիլի (Զաբել Ասատուրի)  ծածկանունով: Սա ոչ թե իմ բեմական, այլ իսկական անունն է:

-Մասնագիտությամբ ֆինանսիստ եք… ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք երգել:

- Այո, ֆինանսիստ եմ: Աշխատում եմ բանկերից մեկում: Առաջին  անգամ երգել եմ «Սուրբ Վարդանանց» երգչախմբում: Տարիների ընթացքում, սակայն,  երգչախմբից դուրս  տարբեր համերգների  առաջարկներ եմ ստացել:  Իմ ճանապարհին շատ մարդիկ հանդիպեցին, ովքեր ինձ աջակցել ու ձեռք են պարզել: Նրանցից մեկը Ստամբուլում ապրող և ստեղծագործող տաղանդավոր երգահան Մաժակ Թոշիկյանն է: Նրա զանազան ծրագրերում մասնակցություն ունեցա:  Մի շարք աշխարհահռչակ երաժիշտներ ինձ իրենց համերգներին հրավիրեցին  և սատար կանգնեցին Թուրքիայում  հայկական երաժշտությունը ներկայացնելու, ավելի ճիշտ՝ լսելի դարձնելու գործում: Այդ երկու տաղանդավոր մարդիկ Մերցան Դեդեն և Գոկսել Բեքտագիրն են, ովքեր «Սիբիլ» ալբոմում սիրահոժար ընկերակցեցին ինձ: 

-Ձեր ընտանիքի մասին կխնդրեի պատմել…ծնվել ու մեծացել եք Ստամբուլում, բայց խոսում և երգում եք հայերեն…

-Հայրական կողմս  Պոլսից է, իսկ մայրական կողմս՝ Թոքատից և Սվազից:  Ես և քույրս Պոլիսում ենք ծնվել, բոլոր հարազատներս Թուրքիայում են: Հայրենասեր, մեր  արմատներին ու անցյալին կառչած ընտանիքի զավակ եմ:  Ցավոք, միայն 5 տարի եմ հաճախել հայկական նախակրթարան, որից հետո օտար վարժարան: Բայց մեր ընտանիքում միայն հայերեն ենք խոսել: Հատկապես հայրս շատ խիստ ու բծախնդիր է այս առումով:

-Ձեր «Նամակ» երգն առաջին հայկական երգն էր, որ հնչեց թուրքական առաջատար հեռուստաալիքներով: Ասել է թե՝ հայ երգն ընդունվեց: Ի՞նչ նշանակություն ուներ դա Ձեզ համար:

-Երջանկությունս անսահման էր: Երբ տեսահոլովակը նկարահանելու որոշում կայացվեց, մարդիկ ինձ հաճախ էին ասում.  «Սիբիլ, տեսահոլովակը շատ մեծ ծախսերի հետ է կապված. թուրքական հեռուստաալիքները չեն ցուցադրի, ինչու՞ ես ռիսկի դիմում»:  Բայց սրտիս ձայնը լսեցի, որը հակառակն էր «պնդում»: Հնարավորության սահմաններում որակյալ տեսահոլովակ նկարահանելու որոշում ընդունեցինք: «Նամակը» դարձավ  Թուրքիայի առաջին հայերեն լեզվով տեսահոլովակը: Արձագանքը շատ մեծ էր: Թե երգը, թե տեսահոլովակը սիրվեցին և ընդունվեցին:  Տեսահոլովակը թուրքական զանազան հեռուստաալիքների եթերում տեղ գտավ:  

-Ձեր առաջին ձայներիզը, որտեղ ընդգրկված էին միայն հայերեն երգեր, սիրվեց ու ջերմ ընդունելության արժանացավ…Ստամբուլում կա՞ հայկական երգերի պահանջարկ:

- Ալբոմս թողարկելուց  հետո թուրքերի կողմից բազմաթիվ նամակներ ստացա: Նրանք հիմնականում շեշտում էին, որ… «Այդքան էլ էական չէ, որ երգի բառերը հասկանանք, կարևորը՝ երբ քո երգերը լսում ենք, մեր սրտերը թրթռում են: Ինչքան գեղեցիկ լեզու, որքան գեղեցիկ երաժշտություն ունեք դուք»:  Հուսանք ՝ երկրորդ ալբոմս՝ «Սեր»-ը, էլ ավելի  դրական արձագանքների կարժանանա:

-Մի առիթով ասել էիք, որ երազում եք Անիում երգել… Ի՞նչ չիրականացված երազանքներ կամ միգուցե նպատակներ ունեք…

-Ես շատ երազկոտ աղջիկ եմ: Սիրում եմ երազել և հույս ունեմ, որ բոլոր երազանքներս  կկատարվեն: Երազանքներս շատ են, բայց կնախընտրեմ դրանց մասին իրականություն դառնալուց  հետո միայն ձեզ հետ կիսվել:  Խոստովանեմ, երազանքս հայկական երգը ոչ միայն թուրքերին, այլև՝ օտարներին ևս սիրելի և ճանաչելի դարձնելն է, ինչպես անգլերեն, իտալերեն կամ ֆանսերեն երգերը: Իսկ ամենամեծ երազանքս Շառլ Ազնավուրի հետ ծանոթանալն է:

-Իսկ հավատու՞մ եք, որ Անին և հայկական մյուս տարածքները մի օր կգտնեն իսկական տերերին…

-Կյանքն անակնկալներով լեցուն է: Միայն Աստված գիտե…

-Ե՞րբ եք սկսել համագործակցել երգահան Մաժակ Թոշիկյանի հետ:

-Մաժակ Թոշիկյանի հետ արդեն 10 տարի է՝ ծանոթ եմ:  Տիգրան Չուխաջյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա»  երաժշտական ծրագրի շրջանակներում ենք  ծանոթացել,  և այդ օրվանից մեր մտերմությունը շարունակվել է:

-Ե՞րբ եք վերջին անգամ եղել Հայաստանում: Ի՞նչ զգացողություններով:

-Հունիսին այցելել էի Հայաստան: Ամեն այցելությանս նույն հուզմունքը, նույն ուրախությունն ու նույն ապրումներն եմ ունենում:

-Սիրելի Սիբիլ, Հայաստանի հանդիսատեսն էլ սիրում ու հպարտանում է Ձեզանով: Ի՞նչ կասեիք Ձեր հանդիսատեսին:

-Հազար շնորհակալություն բոլորին՝ ջերմության և բարի մաղթանքների համար: Ինձ շատ է ոգևորում հանդիսատեսի սերը և ուժ է տալիս:  Ձեր միջոցով բոլոր հայրենակիցներիս սերս և հարգանքներս եմ հղում:

 

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին