Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը:
Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ «Դուքենդո» ֆեդերացիայում որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ:
Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար:
Միջազգային «Դուքենդո» ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը ցավոք սրտի հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների:
Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով:
Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում:
Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով:
Հիշենենք, որ փետրվարի 4-ին, Դուքենդո կարատեի ֆեդերացիայի գրասենյակում, հայտնաբերվել է Ֆ-1 տիպի 2 նռնակ (մեկը ուսումնական), լուսային ազդանշանային հրթիռներ 34 հատ, ԱԿ-74 ինքնաձիգի փամփուշտներ, փամփուշտի 1 պարունակ, «ДШ» տիպի պայթուցիչի լար գործարանային 1 կապոց, «КД» տիպի պայթուցիչներ 3 գործարանային տուփ, նռնակների պայթուցիչներ 8 հատ և «ТНТ» տիպի պայթուցիչ (տրոտիլ) 0.5 կգ:
Կարդացեք նաև` Գոռ Վարդանյան. Երբ խոսում եմ Ռոբերտ Քոչարյանի մասին` սկսում են նման վերաբերմունք իմ անձի նկատմամբ...