▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատապարտյալը պնդում է, թե իրեն բանտում պահում են «վերևից տրված» հրամանի համաձայն

Նամակով asekose.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Ռուբեն Ամատունին:

Նա տեղեկացնում է, որ կրել է պատժի օրենքով սահմանված մասը, այժմ ենթակա է վաղաժամկետ պայմանական ազատման, սակայն արդեն երեք անգամ մերժվել է, իր խոսքով, «անհիմն ու անհեթեթ» պատճառաբանություններով:

Նա դատապարտվել է ազատազրկման 2010 թվականին՝ 7 տարի ժամկետով, /պատժի սկիզբը հաշվվում է 28.02.2010-ից/` ՀՀ Քր. Օր.-ի 175/1-ավազակային հարձակում, 34-176/1-փորձ-կողոպուտ, 35-175/2-ավազակության պատրաստվել հոդվածներով:

«Չունեմ տույժ, հսկում, նախկին դատվածություն, բողոք՝ ուղղված իմ դեմ, ընդհակառակը արժանացել եմ երկու խրախուսանքի՝ տրված հանձնարարությունները բարեխղճորեն կատարելու համար: Իմ նախաձեռնությամբ ստեղծել եմ Դատպարտյալների կրթական ինքնագործ միավորումը, որի նախագահն եմ հանդիսանում ու դատապարտյալներին սովորեցնում ենք աշխարհագրություն, անգլերեն, իսպաներեն, Սպորտի ինքնագործ մարմնի անդամ եմ, եղել եմ աջակցություն Դատապարտյալներին հիմադրամի անդամ, զբաղվել եմ ստեղծագործ աշխատաքնով: Իմ խնամքի տակ է գտնվում երկրորդ կարգի հաշմանդամ, ծեր, միայնակ մայրս, ով հիմա գտնվում է առողջական ծանր վիճակում: Իմ գիտելիքների ու ուժերի սահմաններում օգնում եմ, սակայն հաշվի չառնելով այս ամենը, խախտելով Քր. Օր.-ի 76, 77 և Քրեակատարողական օր.-ի 114, 115 հոդվածները, ինձ անհիմն կերպով մերժեցին՝ տալով վաղաժամկետ պայմանական չազատման որոշում՝ պատճառաբանելով հոդվածիս ծանրությունն ու հանցագործության բնույթը»,- գրում է դատապարտյալը:

Նա նշում է, որ մերժումը պատճառաբանել են այնպես, թե «լիարժեք դրական չեմ, որ ինձ մոտ իբր նկատվում են ագրեսիվության միջին ցուցանիշներ»:

«Ես հայտարարում եմ, որ ուղղակի վերևից տրված բանավոր հրամանի համաձայն կատարվում են մասսայական մերժումներ»,-գրում է դատապարտյալը:

Ռուբեն Ամատունին նաև գրում է, որ քրեակատարողական հիմնարկներում կիրառվող անարդարության պատճառով դատապարտյալներն ու նրանց ընտանիքները ենթարկվում են բարոյահոգեբանական ճնշման, ոմանց մոտ այս ամենի հետևանքով ի հայտ են գալիս հոգեկան շեղվածության խնդիրներ, մարդիկ կորցնում են հավատը օրենքի և պետության նկատմամբ: «Այս խավի նկատմամբ կատարվում է ցեղասպանությանը համարժեք գործողություն, սեփական կառավարության կողմից»,- գրում է դատապարտյալը:

Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատման հարցը երրորդ անգամ քննվել է հունվարի 31-ին՝ Կոշ ՔԿՀ-ի ադմինիստրացիայի վարչական հանձնաժողովի նիստում: Դատապարտյալին այս անգամ ևս մերժել են: «Այս անգամ ևս դիմումը մերժել են, պատճառաբանելով, թե ես անհրաժեշտ չափով դրական չեմ, չեմ մասնակցել հանրօգուտ աշխատանքներին` իրենց մշտական պատճառաբանությունները»,-մեզ հետ զրույցում նշեց իրեն ապօրինությունների զոհ համարող դատապարտյալը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը asekose.am-ին փոխանցեց, որ մասսայական մերժումների մասին խոսք լինել չի կարող, եթե դատապարտյալն ունի որոշակի խնդիրներ, որոնք խոչընդոտում են վաղաժամկետ ազատվելուն, ապա իրենք ոչինչ անել չեն կարող:

Նշենք նաև, որ Կոշ ՔԿՀ-ի ադմինիստրացիայի վարչական հանձնաժողովի վերջին նիստում վաղաժամկետ պայմանական ազատման ներկայացված 107 դիմումից բավարարվել է ընդամենը 9-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին