Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանին արդեն վերադարձնել են հայկական կողմին։ Այս տեղեկությունն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը, ապա կատակով նկատեց.
«Բոլոր ժամանակների ամենահայտնի «հետախույզին» վերադարձրել են, այժմ նրան տանում են բուժզննման»:
Ավելի վաղ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով հանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական «ԱՊԱ»-ին ասել էր, որ պլանավորվում է Մամիկոն Խոջոյանի վերադարձը հայկական կողմին:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը Մամիկոն Խոջոյանին ներկայացրել էր որպես «դիվերսանտ»:
ԿԽՄԿ գրասենյակի տարածած հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.
Ժնև (ԿԽՄԿ) – Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։
ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։
Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։
Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։