Asekose.am-ի թղթակիցը Տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի և բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ զրույցում փորձել է պարզել համացանցում ու ռուսական լրատվամիջոցներում Քեսաբի մասին իրականությանը չհամապատասխանող տեսանյութերի ու հրապարակումների պատճառների ու հնարավոր հետևանքների մասին:
Ըստ Սամվել Մարտիրոսյանի` այս ամենի հիմքում մի քանի խնդիրներ կան.
«Արդեն երեք օր է, ինչ այդ տեսանյութերը տարածվում են հայերի կողմից, և ոչ մի ձևով չենք կարողանում մարդկանց հասկացնել, որ այս ամենը Քեսաբի հետ որևէ կապ չունի: Բարեբախտաբար, հայերի սպանության հետ կապված ոչ մի դեպք դեռևս չի արձանագրվել:
Ինչ վերաբերում է ռուսներին, ապա նրանց համար օգտակար առիթ է ցույց տալու, որ Արևմուտքը փաստացի պաշտպանել է կատարվածը: Ռուսները, կարծես, ասեն. «Սա էլ Ձեր ժողովրդավար զինյալներն են»: Ռուսների համար ստեղծված իրավիճակը քարոզչական նյութ է, որը, ցավոք սրտի, մենք ենք նրանց տվել:
Ուղղակի` վաղ թե ուշ կասեն, որ հայերը կեղծ տվյալներով աշխարհին «լացացնում են», և սա ստվեր կգցի ցեղասպանության թեմայի վրա»:
Մասնագետի խոսքերով` ռուսները նաև փորձում են ցույց տալ, որ օգնում են իրենց դաշնակից հայերին, ինչու չէ, Քեսաբի շնորհիվ շեղվում է նաև ուշադրությունը Ղրիմի խնդրից:
Որպես խնդրի լուծում Սամվել Մարտիրոսյանը փորձում է գտնել նմանատիպ նյութեր տարածողներին.
«Խնդրում եմ դադարեցրեք նման նյութեր տարածելը: Խոսքս ուղղում եմ ոչ թե լրատվամիջոցներին, այլ ուղղակի սոցկայքերի օգտատերերին»:
Ի տարբերություն Սամվել Մարտիրոսյանի, տեղեկատվական անվտանգության մասնագետ, բլոգեր Տիգրան Քոչարյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր կարծիքով ռուսները վերջինն են, ովքեր կարող են այս հարցից օգուտ ունենալ.
«Ամենամեծ օգուտն ունի Թուրքիան, ով Սիրիայի և Հայաստանի հետ կապված իր խնդիրներն է փորձում լուծել, ինչպես նաև ԱՄՆ-ն, ով էլ իր հերթին թույլ է տալիս դաշնակից Թուրքիային այսպիսի վայրագություններ կատարել, ավելին` դեռ մի բան էլ օժանդակում է Ալ Քաիդայի գրոհայիններին»:
Տիգրան Քոչարյանի խոսքերով նույնիսկ ընտրված վայրն էլ պատահական չէ.
«Այս ամենը կատարվում է հենց Քեսաբում, որովհետև այնտեղից ուղղակի ոչ շատ հեռու գտնվում է ռուսական ռազմաբազան, իսկ արևմտյան զանգվածը, վիրավորված լինելով Ղրիմից, փորձում է այս ձևով իր հարցերին լուծում գտնել: Բայց, ցավոք սրտի, այս ամենը կապվում է Քեսաբում իրենց համար հանգիստ ապրող սիրահայերի հետ»:
Ինչ վերաբերում է ռուսական լրատվամիջոցների ապատեղեկատվության տարածմանը, ապա բլոգերը դա բացատրեց վերջիններիս ռեյտինգամոլությամբ.
«Lifenews-ը միշտ էլ այդ տեսակ նյութեր է տարածում: Ինքս ոչինչ չեմ տեսնում այդ ամենի մեջ: Lifenews-ի դեպքում պարզապես քլիքամոլություն է: Ռեյտինգացավով մեր հայկական լրատվամիջոցներն էլ են տառապում:
Սակայն այդ ապատեղակատվությունն նաև օգուտ է բերել, չէ՞ որ ավելի շատ մարդ է սկսել հետաքրքրվել Քեսաբի թեմայով: Սակայն տվյալ դեպքում սխալ տեսանյութ դնելով` խոսքը միայն կիսով չափ ապատեղեկատվություն մասին է: Մնացածը համապատասպանում է իրականությանը` հայերի վրա հարձակվում և տեղահանում են»:
Իսկ որպես վերջաբան Տիգրանն ավելացրեց, որ իրականում ունենալով նորմալ տեղակատվություն ստանալու միջոցներ` պատգամավորներ, ովքեր այս պահին այնտեղ են, թեմ, համայնք, նախընրում ենք տարածել ոչ ստուգվածը, կամ էլ մեր հորինածը.
«Նույն Lifenews-ի տարածած տեղակատվությունն իրականում ռուսների տարածածը չէր: Դա երկու շաբաթ առաջ անվանափոխված տարբերակով համացանցում էր հայտնվել: Կարծում եմ, որ դա արել էին, Բաշար Ալ Ասադի կողմնակիցները, որովհետև հենց սիրիական զինվորներն էին տեսանյութում գլխատվում, իսկ իրենք այս ձևով փորձում են լուծել իրենց հարցերը: Դժբախտաբար, հայերն այս ամենի մեջ են ներքաշվում»:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան