«Ում ասես` դահլիճ կտրամադրեն` էլ տրանսեքսուալներին, էլ իշխանությունների հարազատ համասեռամոլներին, էլ մորմոնների ու եհովայի վկաների, բայց այս երկրի տղերքի համար, ովքեր կռվեցին` դահլիճ չկա: Մենք գումարը վճարում ենք, հետո նօրենները զանգում ու ասում են` մեզ ասել են` հանկարծ չհամարձակվեք: Սա ահավոր վատ երևույթ է, որը չենք հանդուրժելու»,-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դահլիճներից որևիցե մեկում նախատեսվող համաժողովի մասին` ասաց Հայաստանի դաշտային հրամանատարների խորհրդի անդամ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ներկայացրեց իրենց հայտարարությունը:
«Այս տարվա հունվար ամսից սկսած, Դաշտային հրամանատարների խորհրդի որոշմամբ, պատերազմի մասնակից Հայաստանի տարբեր մարզերը ներկայացնող ազատամարտիկներով փորձում ենք դահլիճային համաժողով անցկացնել, որտեղ պատրաստվում ենք ներկայացնել Հայաստանը խորագույն ճգնաժամից դուրս բերելու և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու գործընթացի մանրամասները:
Բոլոր մասնավոր կամ պետության իրավասության ներքո գտնվող դահլիճների ղեկավարները, սակայն, նախ համաձայնում են տրամադրել դահլիճը, ժամեր կամ օրեր անց, ավաղ, սարսափահար զանգահարում են մեզ, թե՝ հրահանգ են ստացել դահլիճ չտրամադրելու:
Արդեն 4 ամիս է պատմությունը կրկնվում է: Իշխանությունների կողմից դրսևորվող, այլևս նենգության հասնող այս երևույթը ևս մեկ անգամ փաստում է իշխանությունն անհապաղ ժողովրդին վերադարձնելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին»,-նշեց ազատամարտիկը` հավելելով.
«Դարեր շարունակ պետականությունը կորցրած ժողովրդի համար երիցս վտանգավոր է պետականությունը և անկախությունը վերականգնած զինվորներին դահլիճ չտրամադրելը: Ելնելով վերոնշյալից՝ Դաշտային հրամանատարների խորհրդի ընդլայնված նիստում որոշվեց վաղը` ապրիլի 23-ին , ժամը 12:30-ին հավաքվել Հանրապետության հրապարակի շատրվանների մոտ, որտեղ մենք՝ ազատամարտիկներով կորոշենք, թե որտեղ անցկացնել մեր ժողովը»:
Անդրադառնալով երկրում կատարվող փոփոխություններին` Սուրեն Սարգսյանն ասաց. «Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելով փորձում է ապահովել հանցագործ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը, կամ քոչարյանամետ արարածների: Լիազորված եմ բոլոր ընկերների անունից հայտարարել. «Քոչարյան Ռոբերտը իր ծոծորակը կտեսնի, այլևս Հայաստանի իշխանությունը չի տեսնի: Այլևս կլանային բաները չեն լինելու, մենք շուտով կհասնենք դրան: Կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն ժողովրդից թալանածը: Այդ միլիարդները Քոչարյան Ռոբերտը չի վայելելու»: