Ֆինանսների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հրաժարվեցին մեկնաբանել համացանցում տարածված` «Գագիկ Խաչատրյանի «բեսպրեդելը» ֆինանսների նախարարությունում» նամակն ու դրանում ներկայացված մեղադրանքները` նշելով, որ իրենք չեն մեկնաբանում անհեթեթ լուրերը:
Նշենք, որ ASEKOSE.am-ը նույնպես նամակ էր ստացել ՀՀ Ֆինանսների նորանշանակ նախարարի թիկնապահների, նրանց կողմից աշխատակիցներին ապտակելու, ծաղրելու, տարբեր ստորաբաժանումների պետերի` իրենց աշխատանքին մնալու համար գումար վճարելու մասին.
«Գագիկ Խաչատրյանն ընդամենը 5 օր է, ինչ դարձել է ՀՀ Ֆինանսների նախարար, սակայն այս երկու օրերի ընթացքում նրա թիկնապահները արդեն հասցրել են «հնարավորինս» դրսևորել իրենց` իրենց ղեկավարի համար նոր հիմնարկում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանի թիկնապահները արդեն հասցրել են ապտակել նախարարության 2 աշխատակցի միայն նրա համար, որ նրանք աշխատանքի ժամին քայլելիս են եղել միջացքում: Գագիկ Խաչտարյանը այժմ ուշադիր ուսումնասիրում է աշխատակիցներին տրվող պրեմիաների ֆոնդը: Ըստ այդ ֆոնդի, նա ուզում է գնահատել աշխատակիցների ունակությունները և պրոֆեսիոնալիզմը իրենց գործում: Գագիկ Խաչատրյանի թիկնապահները ծաղրում են Ֆինանասների նախարարության աշխատակիցներին` նրանցից շատերին ցինիկաբար մականուններ կպցնելով: Նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների համաձայն, աշխատակիցները այժմ վախենում են ոչ միայն իրենց աշխատանքի, այլ նաև առողջության համար: Իսկ նախարարության կադրային հարցերով այժմ զբաղվում է ոմն Միքայել Փաշյան, որը, ըստ խոսակցությունների, մոտ ապագայում դառնալու է Ֆինանսների փոխնախարար: Ավելին, ըստ որոշ աղբյուրների, կա նաև հստակ ձայնագրություն, որտեղ Միքայելը ասում է, որ նախարարության տարբեր ստորաբաժանումնեի պետերը իրենց աշխատանքին մնալու համար պետք է ՇԵՖԻ պահանջների համաձայն և միևնույն ժամանակ պետք է վճարեն որոշակի կլորիկ գումար` իրենց պաշտոնները չկորցնելու համար: Ըստ նույն աղբյուրների, այդ գումարը կազմում է պետերի համար` 25 000 դոլար, տեղակալների համար` 15 000 դոլար գումար, ըստ նրա դա այդքան էլ մեծ գումար չէ նման բարձր պրեմիաներ ստացող վարչության պետերի և տեղակալերի համար»,-մասնավորապես նշված էր նամակում: