ASEKOSE.am-ի աղբյուրները տեղեկություններ էին հաղորդել ՀՀ Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության վերաբերյալ` նշելով, որ աշխատավարձերից պահումներ են կատարվել ու տեղի ունեցածը բնութագրելով որպես «ռեկետ»:
Մեր զրուցակիցը, ով հասկանալի պատճառներով ցանկացավ անհայտ մնալ, նշել էր, որ աշխատակիցների աշխատավարձերից խոշոր չափերի պահումներ են արվել: Նրա խոսքով՝ նախապես զգուշացրել են, որ ապրիլ ամսվա աշխատավարձը 10 հազար դրամի չափով պակաս է լինելու, սակայն չի վճարվել 20 հազարական դրամ:
Իսկ երբ հարցը հասարակական հնչեղություն է ստացել, պնդել են, թե զուտ տեխնիկական խնդիրներ են և վստահեցրել են, որ կշտկեն: Մի քանի օր անց փոխանցվել են չվճարված գումարները, սակայն՝ մեր զրուցակցի հավաստմամբ՝ կրկին ոչ լիարժեք:
Արձագանքելով վերը նշվածին՝ ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Դատական կարգադրիչների ապրիլ ամսվա աշխատավարձերն իրավասու պետական մարմնի կողմից թերի է հաշվարկվել: Այսինքն՝ նման խնդիր իսկապես եղել է, սակայն շտկվել է:
«Դատական դեպարտամենտում նկատել են խնդիրը, ինչն էլ իրավասու մարմնի հետ քննարկման արդյունքում շտկվել է: Այսինքն` պակասորդը փոխանցվել է»:
Մեր աղբյուրը, սակայն, հավաստիացրեց, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ:
«Այս ամենը սկսվել է դեռևս տարեսկզբից, իսկ պահվող գումարի չափը պարբերաբար ավելացել է՝ 2000 դրամից հասնելով 10 հազար դրամի՝ յուրաքանչյուր աշխատողի կտրվածքով»,- նշեց մեր զրուցակիցը: