Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու փաստաթուղթը. նրան Հայաստան են տեղափոխում: Այս մասին Asekose.am-ը տեղեկանում է գլխավոր դատախազության կայքից:
«Վրաստանի արդարադատության նախարարի կողմից 03.06.2014թ. որոշում է կայացվել Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը 03.02.2014թ. ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ 15.04.2014թ. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը»,- ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարին Աշոտ Սուքիասյանին հայտնաբերել և ձերբակալել էին Վրաստանում: Հիշեցնենք նաև, որ օֆշորային սկանդալի գործով Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն,առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները օրինականացնելու մեջ: