«ԱԺ 5 խմբակցությունների ներկայացուցիչներն այնտեղ էին: Բոլորս ելույթ ենք ունեցել: ՀԿ-ները ելույթ են ունեցել: Բոլորն՝ առանց բացառության հիմնավորել են չթանկացնեը: հիմնավորել են, որ թանկացնելն այսօր վնաս է Հայաստանի ողջ ժողովրդին: Բոլոր սպառողներին, բոլոր արդյունաբերողներին: Ոչ մի հակադարձ փաստարկ չի եղել: Քարի նման նստած ոչ մի ծպտուն չեն հանել»,- այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին: Նա նշեց, որ հանձնաժողովի նիստին չեն մասնակցել ոչ ֆինանսենրի, ոչ էկոնոմիկայի, ոչ էնէրգետիկայի նախարարները:
«Թքած ունեն: Հրահանգել են այս հիմնարկին սուսուփուս կոճակի դեր ստանձնել: Հինգ կոճակ աշխատեց: Վիրավորում եմ իրենց, թող դատի տան: 5 կոճակ քվեարկեց, որ էլէկտրաէնէրգիան թանկանում է 4 դրամով»:
Հիշեցնենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում էր էլեկտրաէներգիայի թանկացման հարցը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը հոսանքի թանկացման հարցը դրել է քվեարկության և այն ընդունվել է միաձայն: