Ճանապարհային ոստիկանությունը մշտապես հայտարարել է, որ արտոնյալ վարորդներ չկան և երթևեկության կանոնների խախտում կատարած ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի: ՃՈ-ն բազմիցս ապացուցել է, որ սա զուտ կարգախոս չէ և համակարգում հետամուտ են բոլոր խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով միջոցներ կիրառելուն:
Սոցիալական ցանցերից մեկում այսօր հայտնվել էր լուսանկար, որում «Պրադո» մակնիշի 18 PP 888 ավտոմեքենայի վարորդը Աբովյան փողոցով /միակողմանի/ երթևեկել էր հակառակ ուղղությամբ:
Լուսանկարը ահազանգ էր Ճանապարհային ոստիկանության համար և 1-ին սպայական գումարտակի աշխատակիցներն անմիջապես ձեռնարկեցին անհրաժեշտ բոլոր միջոցառումները ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքը շատ չուշացավ: Լուսանկարում պատկերված «Պրադո» մակնիշի 18 PP 888 ավտոմեքենան հայտնաբերվել ու տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, վարորդն էլ` ենթարկվել է վարչական պատասխանատվության:
Եւս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ արձագանքը շատ չի ուշանա:
Ճանապարհային ոստիկանության պետ
Լուսանկարը` auto.am-ի