Երևի չկա մի հայ, ով ինչ-ինչ թելերով կապված չլինի մեր պատմական հայրենիքին` Արևմտյան Հայաստանին:
Եթե նախկինում Արևմտյան Հայաստան այցելել անհնարին էր կամ իրենից մեծ դժվարություն էր ներկայացնում, հիմա արդեն ամեն ինչ փոխվել է:
Դեպի Արևմտյան Հայաստան իրականացվող շրջագայությունների հիմնադիր «Անիտուր» տուրիստական գործակալության տնօրեն Հռիփսիմե Խուրշուդյանի խոսքով` հիմա ցանկացած հայ կարող է այցելել իր պապերի բնօրրան, միայն թե պետք է հասկանա` ուր է գնում:
«Մենք արդեն երկար տարիներ խմբեր ենք տանում Արևմտյան Հայաստան և այս ընթացքում ես համոզվել եմ, որ ուղղակի գնալու համար մարդիկ չեն բռնում Արևմտյան Հայաստանի ճանապարհը, նրանք գիտեն, թե ուր և ինչի համար են գնում»,-նշում է Առուշանյանը:
Նա պատմում է, որ այցելությունների ընթացքում իրենք շատ հաճախ գտնում են ուխտավորների պապական տները, անգամ ազգակիցներին գտնելու դեպքեր են եղել:
«Մարդիկ քարտեզով, մեծերի պատմելով նկարագրում են, թե որտեղ են ապրել իրենց պապերը և մենք գտնում ենք նրանց երբեմնի տները: Չնայած այդ գյուղերում հիմա քրդեր են ապրում, այնուամենայնիվ նրանք դեմ չեն լինում և հայերը կարողանում են մտնել այդ տները»:
Այս կերպ Հռիփսիմե Առուշանյանը ևս մեկ անգամ փաստում է այն մասին, որ Արևմտյան Հայաստանում ապրող թուրքերի և հատկապես քրդերի կողմից որևէ անհանդուրժողականության դրսևորում և անհարգալից վերաբերմունք հայ ուխտավորների հանդեպ չկա: Ավելին Դիարբեքիրում անգամ քաղաքապետի մակարդակով ընդունում ու աջակցում են հայերին:
«Դիարբեքիրում հայերի նկատմամբ ընդգծված հարգանք կա և նախքան Դիրաբերքիր մտնելը կա մի ցուցանակ, որտեղ գրված է բարով եք եկել ձեր տուն: Այստեղի հայամետությունը շատ ուրախալի է»,-ընդգծում է «Անիտուր» տուրիստական գործակալության տնօրենը:
Հռիփսիմե Առուշանյանի հետ զրուցել ենք նաև այս այցելությունների ընթացքում հայ էքսկուրսավարի կարևորության, թուրք գիդերի կողմից որոշ փաստերի աղավաղման դեպքերի և բազմաթիվ այլ հարցերի շուրջ: Զրույցի ամբողջական հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել կիրակի օրը ASEKOSE.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: