-Էներգախնայողությունը ժամանակի պահանջ է,- նշում է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում, որի ձևաչափն այս շաբաթ փոքր-ինչ փոխվել է` մենք հյուրընկալել ենք ոչ թե մեկ, այլ մի քանի հյուրերի, ովքեր օգտվել են էներգախնայողության ծրագրից և պատմում են այս ծրագրի հայաստանյան արդյունքերի մասին:
Էներգախնայողություն ասելով մարդիկ երբեմն հասկանում են էներգիայի չօգտագործում, ինչը սխալ է:
Էներգախնայողություն ամենևին չի նշանակում էներգիա չօգտագործել, ընդհակառակը մարդն օգտագործում է նույն չափով էներգիա, սակայն գումարայինի վերածած ծախսում է ավելի քիչ, որովհետև էներգախնայողության կիրառուման ծրագիրը սկսելիս մենք իրականացնում ենք պատերի հաստացում, լուսամուտներն ենք փոխում և նմանատիպ այլ համալիր միջոցառումների շնորհիվ տարածքն ավելի շուտ է ջերմանում և ջերմությունը երկար է մնում,-տեղեկացնում է հիմնադրամի տնօրենը:
Ներկայումս հիմնադրամն այս ծրագիրն իրականացնում է միայն հանրային շենքերում:
Մասիսի բժշկական կենտրոնի տնտեսագետ Կարինե Մաթևոսյանի խոսքով ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տվել նախորդ ցրտաշունչ ձմռանը հիվանդանոցի տարածքը լիարժեքորեն տաքացնել և որ ամենակարևորն է նախորդ տարվա համեմատ մոտ 20 միլիոն դրամ խնայել:
-Անցյալ տարվա համեմատաբար տաք ձմռանը մենք մոտ 35 միլիոն դրամ ենք վճարել ջեռուցման համար, իսկ այս տարվա խստաշունչ ձմռան պայմաններում ընդամեն 11-12 միլիոն դրամը բավարար եղավ լիարժեք ջեռուցման համար և սա էներգախնայողության ծրագրի կիրառման հետևանքով է,-նշում է տնտեսագետը:
Քննարկման ամբողջական և հեռուստատեսային տարբերակը կարող եք դիտել կիրակի` Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդման շրջանակներում: