▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները նախարարությունն անվավեր է ճանաչել

pastinfo.am-ը գրում է, որ Երևանի թիվ 27 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար օգոստոսի 1-ին կայացած մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվել: Այս մասին  հայտնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Պատասխանն ընդամենը երեկ ենք ստացել նախարարությունից, ես այսօր պիտի զեկուցեմ քաղաքապետին, որից հետո արդեն ըստ ընթացակարգի, նոր մրցույթ կհայտարարվի»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ թիվ 27 դպրոցի տնօրենի պաշտոնն արդեն տևական ժամանակ թափուր է: Իսկ նախկին տնօրեն Սուսաննա Սարգսյանը 2013 թվականին քրեական պատասխանատվության է ենթարկվել՝ դպրոցի բյուջեի միջոցները յուրացնելու, պետությանը խոշոր չափերի՝ 2 միլիոն 216 հազար դրամի վնաս հասցնելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2009-2012թթ. նա կեղծ գրանցումներ էր կատարել, աշխատանքային պայմանագրեր կնքել 4 անձանց հետ, ովքեր աշխատանքի չէին եկել, իսկ նրանց անունով դուրս գրված աշխատավարձերը տնօրենը յուրացրել էր:

Եվ ահա օգոստոսի 1-ին դպրոցի տնօրենի թափուր մնացած պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել էր նաև համաներմամբ պատժից ազատված Սուսաննա Սարգսյանը: Ու թեև թափուր պաշտոնի համար պայքարում էր 4 թեկնածու, բայց մրցութային հանձնաժողովի 6 անդամներից 4-ը ընտրել էին հենց Սուսաննա Սարգսյանին:

Մրցույթին հետևած հասարակական դժգոհության արդյունքում Կրթության և գիտության նախարարությունը հայտարարեց, թե կուսումնասիրի հարցն ու կհրապարակի վերջնական որոշումը:

Եվ, փաստորեն, շուրջ 1 ամիս անց ի վերջո որոշվեց չեղյալ ճանաչել այդ մրցույթի արդյունքները:

Թե երբ կկայանա հաջորդ մրցույթը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ այդ հարցը կարգավորվում է օրենքով:

Նշենք, որ Կառավարության ընդունած «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօերնի ընտրության» կարգի համաձայն՝ տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթն անցկացվում է 3-ամսյա ժամկետում` դրա մասին լրատկական միջոցներում և azdarar.am կայքի միջոցով հայտարարելու պարտադիր պայմանով:

Իսկ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքն արգելում է ուսումնական հաստատության տնօրեն ընտրվել կամ  առաջադրվել այն անձին, ով «դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար»:

 Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին