▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունները կրկին վերածվելու են Արմագեդոնի

Asekose.am-ը նամակ է ստացել Փարիզից, որում արծարծվում են Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրությունների վերաբերյալ ծագած խնդիրները: Նամակը ներկայացնում ենք ստորև`  առանց  խմբագրման և դասական ուղղագրությամբ:

Նոյեմբեր ամսին Ֆրանսայի թեմի առաջնորդի ընտրութիւնները եւս մէկ անգամ դառնալու են Արմագեդոնի` բարու եւ չարի բախման առիթ: Բացառուած չէ որ ինչպէս յաճախ պատահում է` չարը ժամանակաւորապէս եւ պայմանականօրէն յաղթի: Բայց որպէսզի նոյնիսկ այդ հաւանականութիւնը բացառուի, հաւանաբար միակ թեկնածուն որին կարող ենք դեռեւս հոգեւորական համարելով դիմել`  Անգլիոյ Առաջնորդն է` Վահան Եպիսկոպոս Յովհաննիսեանը: Բանն այն է, որ ի տարբերութիւն միւս երկու կղերականի, Վահան Սրբազանը հոգեւորական է: Եւ սա այն միակ յոյսն է, որ ներշնչում է, թէ հոգեւորական լինելով կարող է հասկանալ թէ ինչ նենգամիտ ծրագիր է հետապնդում Գարեգին ՆերսիսեանԿաթողիկոսը իր թեկնածութեան առաջադրման առումով:

Ես կարծում եմ, որ մենք բոլորս մեր հնարաւորութիւնների սահմանի մէջ,  պարտաւոր ենք ներշնչել Վահան Սրբազանին մերժել իր թեկնածութեան առաջադրումից չմասնակցելու համար այն ցուցիքն որ հերթական անգամ կազմակերպում է Գարեգին Ներսիսեանը: Ֆրանսայի համայնքը այսպիսով կը հասկանայ թէ, նախ. Վահան Սրբազանը չի մասնակցում էջմիածնական յանցագործ «կլանի» մեքենայութիւններին եւ քանի որ ամենայն շտապողականութեամբ առաջադրուած երրորդ թեկնածուն ամենայն հաւանականութեամբ այլեւս որեւէ բանով չի տարբերուի միւս երկուսից` կը բացայայտուի թէ մենք ընտրութիւն չունենք:

Հայոց եկեղեցին արդէն տարիներ է, որ ո՛չ իր հոգեւոր ու ո՛չ ոգեղէն, ո՛չ իր ազգային ու ո՛չ էլ հաւատի պարտականութիւնները մեծ մասամբ չի կատարում:  Պատճառն յայտնի է: Կաթողիկոներին ինչպէս եւ Հայաստանի նախագահներին նշանակում է Կրեմլը, Մոսկուայի գաղտնի գործակալութիւնները, որոնց նպատակը Հայաստանը վերջնականապէս հայաթափելն է, հային իր եկեղեցուց ու հաւատից մղոններով հեռացնելն է ու ընդհանրապէս Հայ Առաքելական եկեղեցին վարկաբեկելն է: Որովհետեւ բոլոր, կամ գրեթէ բոլոր ազգային, ազնիւ հոգեւորականներն կարգազուրկ են եղել ու կամ հեռացել եկեղեցուց մի հոգեկան հիւանդ ու ծառայամիտ Կաթողիկոսի քմահաճութեամբ: Իսկ մնացածների մեծ մասը տաճարը, Հո՛ր տունը սարքել են շուկայ...

Այլեւս չկան այն հոգեւորականները,  որ Հայաստանի ու հայ ժողովդրի համար այս օրհասական պահին զարկեն եկեղեցիների զանգերն ու ահազանգեն աղէտը: Այլեւս եկեղեցու սպասաւորները,  որ նախ հաւատացեալների ու Տիրոջ սպասաւորներն են` չեն հետեւում անգամ ամենատարրական եկեղեցական կարգին: Ալֆորուիլի եկեղեցու մէջ հոկտեմբեր12-ին, տեղական ու հայաստանեան իշխանութիւններին քծնելու նպատակով,

պատարագի ընթացքին ծափահարութիւններ են թնդում...Եկեղեցին թատրոն չէ, համերգային սրահ չէ, եկեղեցին նոյնիսկ շէնքը չէ, որ վերակառուցելու կամ կառուցելու պատրուակով ահռելի նուիրատուութիւնները «լուացւում»  են: Եկեղեցին համայնքի, հայ համայնքի համար մասնաւորապէս` միասին աղօթելու վայր է: Հայաստանի մէջ ամէն քայլափոխի եկեղեցիներ են կառուցել, նոյնիսկ ջոջապետերն են իրենց բակերում, տան կալուածքի մէջ եկեղեցի կառուցել...Մարդիկ այդ եկեղեցիների պատերն են համբուրում, ամէն կենաց խմելուց առաջ «էհ, Աստուած» են ասում ու հէնց դրանով յայտնի անում, թէ ոչ թէ հաւատ ու սեր, Քրիստոսի վարդապետութիւնն ու հայի փրկութեան ալֆայու օմէգայ` ազգային հաւատին են ապաւինում, այլ ձեւական ցուցամոլութեամբ հետեւում են Կաթողիկոսի ու իր մերձաւորների սոսկալի ոճիրներին,  նիւթական ունեցուածքի հարիւրապատկմանը, «օֆշորներին» բացայայտ մասնակցութեանը, որ անհարիր է հոգեւորականին: Ուրեմն, առաջարկում եմ Վահան Սրբազանին խնդրել, աջակցել ու զօրակցել, որպէսզի ինքն իրեն ազատի այլեւս բացայայտօրէն Չարիքին ծառայող Կաթողիկոսի թակարդն ընկնելու հաւանականութիւնից եւ հրաժարուի Ֆրանսայի թեմի առաջնորդի ընտրութեանը մասնակցել: Իսկ մենք , հաւատցեալներս, Վահան Սրբազանի այդպիսի իքնանգիտակցական որոշումից, իրական հոգեւորականի կեցուածքից խանդավառուած կը հասկանանք, թէ եւ՛ս մէկ ազնիւ հոգի, Տիրոջն ու հաւատացեալին ծառայող ե՛ւս մէկ հայ հոգեւորական հայր ունենք:

Վասն Հայրենեաց

Վասն Հաւատի

Լիլիդ Սիմոնյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին