▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում եմ ամուսնության, բան չմնաց. Արթուր Աբրահամ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին Հայաստանում է: 

Նախորդ ամիս Գերմանիայի Քիլ քաղաքում մեծ առավելությամբ հաղթելով բրիտանացի Փոլ Սմիթին (35-3, 20 նոկաուտ) և իր հերթական`թվով 41-րդ հաղթանակը տանելուց  հետո` բռնցաքամարտիկը եկել է հայրենիք հանգստանալու նպատակով և այստեղ է մնալու երեք շաբաթ: Այսօր Արթուր Աբրահամը հանդիպել է լրագրողների հետ և անդրադարձել է իր վերջին հաղթանակին` ասելով, որ Փոլ Սմիթը շատ ուժեղ հարվածներ էր հասցնում.

«Ինչպես ծրագրել էինք մարտն այդպես էլ վարեցինք: Գոհ չեմ, քանի որ միշտ ավելին եմ ցանկանում: Մարզիչս շատ ավելի գոհ էր, քան ես: Կուզեի կրկին մենամարտել, բայց այդ հարցով պետք է պրոմոութերները զբաղվեն»:

Միաժամանակ նա հերքեց այն խոսակցությունները, որ Փոլ Սմիթն իրեն ռեվանշի է հրավիրել, քանի որ ըստ  պայմանագրի`  նման առաջարկ Սմիթը չի կարող  անել.

«Նման առաջարկով միայն մենք կարող ենք հանդես գալ, իսկ ես հաճույքով  կմենամարտեմ նրա հետ: Դեռ ոչինչ  հստակ չէ, միայն գիտեմ, որ երկրպագուները շատ են ցանկանում»:

Արթուր Աբրահամն նաև հավելեց, որ ներկայումս ձեռքի վնասվածք չունի. 3 ամիս ապաքինումից հետո իր մոտ արդեն ամեն ինչ կարգին է:

Խոսելով Արթուր Աբրահամի  այցի մասին` լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք նա շարունակում է մտածել Չարբախում բռնցքամարտի դպրոց բացելու մասին, նա ասաց, որ ծրագրերը դեռ կան, հատակագիծն էլ գծած է.

«Ես ուղղակի այնպիսի բնավորություն ունեմ, եթե մի բան պետք է անեմ, ապա պետք է  դրա գլխին կանգնած լինեմ, հետևեմ, թե ինչպես է  այդ  ամենն առաջ գնում: Մենք  արդեն հողատարածք ենք վերցրել, որոշակի  դիզայներական աշխատանքներ տարվել են, բայց պետք է  անձամբ  հետևեմ  ամեն ինչին, որպեսզի իմ սրտով լինի, սակայն հիմա ժամանակ  չունեմ` բռնցքամարտով զբաղվե՞մ, թե՞ շինարարական աշխատանքներով»:

Իսկ երբ կունենա այդ ժամանակը դժվար է ասել, թեև իր սպորտային կարիերայի ավարտից հետո էլ Արթուր Աբրահամը չի ծրագրավորում մշտապես հաստատվել Հայաստանում.

«Իհարկե, հոգնում ենք մշտապես շրջագայելուց, տարբեր հյուրանոցներում մնալուց, ռեստորաններում սնվելուց, սակայն կարիերայի ավարտից հետո կարծում եմ միայն Հայաստանում դժվար թե մնամ, ես այնպիսի մարդ եմ, երկար նույն տեղում չեմ կարողանում մնալ»:

Վերադառնալով  սպորտային թեմային` Արթուր Աբրահամը նշեց, որ հաջորդ մենամարտը կկայանա, հավանաբար, հունվարի վերջին:

Լրագրողների հետ  հանդիպման ժամանակ  Արթուր Աբրահամը նաև խոսեց ամուրիները շարքերը լքելու մասին` ասելով, որ կոնկրետ օրը չգիտի, բայց պատրաստվում է ամուսնության: Ավելին, դրան  բան չի մնացել:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին