Դրամի արժեզրկումը հանգեցրել է գազալիցքավորման ինքնարժեքի բարձրացմանը։
Երթուղային տաքսիների վարորդներն այսօր առավոտվանից Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բողոքում են ավտոմեքենաների գազալիցքավորման գնի թանկացման դեմ: Նրանց հետ բանակցելու է ժամանել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը, ում, ըստ Asekose.am-ի տեղեկությունների, վարորդները հասկացրել են, եթե գազալիցքավորման գները բարձրանան` իրենք էլ կավելացնեն ուղեվարձի արժեքը:
Նշենք, որ եթե գազալցակայաններոմ մեկ խմ գազը արժեր միջինը 190 դրամ, ապա այժմ գործում է նոր գին՝ 200 դրամ և ավելի: Կանխատեսվում է, որ առաջիկայում գազը էլ ավելի կթանկանա, քանի որ ի տարբերություն բնակիչների և այլ փոքր բաժանորդների գազալցակայանները «Գազպրոմ-Արմենիայից» գազը գնում են դոլարի հաշվարկով՝ 1000 խմ-ը 277 դոլարին համարժեք դրամով:
Հիշեցնենք, որ մամուլը օրերս գրել էր, որ «գազը դոլարով գնում են նաև մեր ջերմաէլեկտրակայանները, որոնք իրենց արտադրանքը վաճառում են դրամով և դրամի արժեզրկման պայմաններում նույնուպես վնասներ են կրելու: Հնարավոր է, որ շուտով էլէներգիայի սակագինը համապատասխան չավով բարձրացնելու հարց առաջանա»:
Լուսանկարը` Սևան Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից