▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովի տեսանյութում չտեսա մարդու, ով մեղավորության զգացում ուներ. Իրինա Ծատուրյան

Օրեր առաջ հանրությանն էր ներկայացվել Գյումրիի դաժան սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հարցաքննությունից կադրեր: Հատկանշականն այն է, որ դրանց հրապարակումից հետո համացանցային շատ օգտատերեր, դատելով Պերմյակովի հանգիստ և անվրդով տեսքից, կարծիքներ էին հայտնում (երբեմն նաև պնդումներ), որ վերջինս նման  դաժան սպանության հետ դժվար թե որևէ առնչություն ունենար:

«Միայն տեսանյութի վրա հիմնվելով` մարդու մասին խոսելը շատ քիչ է: Ես անձամբ տեսանյութում տեսա շատ հոգնած և զզված մարդու, թեև չեմ հասկանում այդ զզվանքը կապված էր այն բանի հետ, որ հարցաքննության մեջ  է, թե իր արարքից: Բայց նորից  եմ կրկնում 34 վայրկյան տևողություն ունեցող տեսանյութով մարդուն չի կարելի բնութագրել և նրա մասին լիարժեք տեղեկություն տալ: Միաժամանակ, չտեսա մարդու, ով ուներ մեղավորության զգացում, գուցե դա պայմանավորված էր տվյալ կադրով»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Անդրադառնալով համացանցային գրառումներին` տիկին Ծատուրյանն ասաց, որ նույնիսկ փաստերի դեպքում պետք է ընտրենք, թե ինչպես ենք դրանց մասին խոսում.

«Այդ գրառումներ կատարողներն իրենց ենթադրությունը տեղադրում են համացանցում, ինչ-որ մեկն էլ այն կարդում է, որպես լուրջ տեղեկատվություն է ընդունում և լարվում է այդ ամենից. սա  էլ համացանցի բացասական կողմն է: Պետք է հորդորենք և կոչ անենք, որ մարդիկ համացանցում նախքան ինչ-որ տեղեկատվություն հրապարակելը երկար մտածեն, թե այդ ամենի մասին ինչպես են խոսում և գրում»:

Հոգեբանի խոսքով` այս հարցում և հոգեբանները, և լրագրողները, և քաղաքական  գործիչները, և, առհասասարակ, բոլոր այն մարդիկ, ովքեր մեկնաբանում են տվյալ ողբերգությունը, պետք է հաշվի առնեն մեր ազգի  էթնո-հոգեբանական խնդիրները.

«Այս ամենի հետևանքով ավելի ծանր ապրումներ կարող ենք ունենալ: Պետք է իրար շատ խնամքով  վերաբերվենք, այդ լուրերի մասին խոսելուց, գրելուց և տարածելուց առաջ ավելի զգուշավոր պետք է լինենք: Ռուսներն այսպիսի մի արտահայտություն ունեն` «Берегите себя и своих близких», մենք էլ պետք է սովորենք պաշտպանելով և պահպանելով միմյանց հետ շփվել»:

Զրույցի վերջում մեր այն հարցին` արդյո՞ք, հոգեբանական տեսանկյունից ելնելով, մարդասպանները կարող են նման հանգիստ տեսք ունենալ, հոգեբանը պատասխանեց.

«Պերմյակովի դեպքում, հնարավոր է, որ նա համապատասխան մարմինների կողմից պատրաստված լինի: Բայց սա ընդամենը ենթադրություն է. այս ամենը ցույց կտան միայն հետազոտությունները: Կամ էլ գուցե Պերմյակովն ունի հոգեկան խանգարում, որը տվյալ տեսանյութի միջոցով որևէ մասնագետ չի կարող ախտորոշել: Պերմյակովը տեսանյութում անտարբեր-հանգիստ է, բայց դա կարող է պայմանավորված լինել հոգեկան խանգարմամբ, չենք կարող հստակ խոսել: Նույնիսկ հոգեբույժը, երբ իր մոտ բերում են ակնհայտ հոգեկան խանգարումով մարդու, առաջին հանդիպումից հետո իրավունք չունի կարծիք հայտնելու: Մենք բոլորս ուղղակի պետք է համբերություն ունենանք և տեսնենք, թե այս ամենն ինչպես է ընթանալու»,- իր խոսքը եզրափակեց հոգեբան Իրինա Ծատուրյանը:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին