▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե ես էլ մեռնեի՝ կուզեի տանել իմ հանդիսատեսի սերը.Վարդան Պետրոսյանի «վերջին խոսքը»

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերջին դատական նիստը։ Կողմերը հանդես եկան ռեպլիկի՝ կարճ արձագանքի իրավունքով, իսկ Վարդան Պետրոսյանն ավարտեց իր վերջին խոսքը։

Նա կարճ արձագանքի ժամանակ անդրադարձավ տուժող Արթուր Հակոբյանի այն խոսքին, թե մենք գիտենք՝ նա 90-ականն թթ. ինչ էր անում.գնացել Փարիզ, մտել էր վաննայի մեջ, սիգար էր ծխում.

«Խոսքը իմ կաճամետրաժ երգիծական ֆիլմի մասին է, որտեղ ոչ թե ես, այլ Վահրամ Սահակյանը սփյուռքահայի կերպարում է, սիգար է ծխում: Ուրեմն, ինձ ու Վահրամին շփոթում է և, ամենակարևորը, դա ֆիլմ է»,-նկատեց Վարդան Պետրոսյանը:

Ապա օրինակ բերեց իտալական մի ֆիլմից, որտեղ դերասանն ասում է. «ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ»:

«Ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ: Դուք էլ գիտեք, որ ես գիտեմ, որ դուք գիտեք»,-ասաց դերասանը:

Իսկ վերջին խոսքում նշեց, որ գիտի, թե գործն ինչու այսպես դասավորվեց.

«1966 թվականին Պարույր Սևակը Հայաստանում խոսեց Գրողների միությունում գազոնային քաղաքականության մասին: Սա շարունակությունն է.անհատ և ռեժիմ: Երվանդ Քոչարին նստեցրել էին բանտ ու ծեծում էին...Բանտից դուրս գալուց հետո նա սիրում էր նարդի խաղալ մի մարդու հետ: Որդին՝ Ռուբեն Քոչարը,  հարցրել է, թե ո՞վ է այդ մարդը, որ հայրը նրա հետ միշտ նարդի է խաղում: Պատասխանել է, թե բանտում ինձ ծեծողն էր: Հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ է խաղում նրա հետ: Ասում է՝ նրանցից քիչ էր ծեծում»,-պատմեց Վարդան Պետրոսյանը՝ հավելելով.

«Հավատացնում եմ, իմ վերաբերմունքը նույն  է, ես չարացած չեմ ոչ մեկի, ոչ մի բանի հանդեպ: Մարդը սայթաքում է, վթարը բոլորիս համար է, հիշե՛ք դա»:

Վարդան Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին, ով աշխատել է հոգեբանական ծանր պայմաններում, ֆրանսիացի փաստաբանին, լրագրողներին, ընկերներին, հարազատներին, կալանակիցներին, ովքեր իրեն ոտքի են կանգնեցրել:

«Շնորհակալ եմ իմ սիրելի հանդիսատեսին, որն իմ կյանքի իմաստն է: Փափազյանին հարցնում են՝ մեռնելուց ի՞նչ կուզես հետդ տանել: Պատասխանում է՝ իմ հանդիսատեսի սերը: Եթե ես էլ մեռնեի՝ կուզեի տանել իմ հանդիսատեսի սերը»,-եզրափակեց Վարդան Պետրոսյանը:

Անի Կարապետյան

 

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին