168.am-ը գրում է․ «Այդ երկու օրը սիրտս այնքա՜ն տագնապով էր, ես չեմ մտածել Հայկազի մասին, մտածում էի՝ ապահով է, քանի հոգի զինծառայողներ կան: Երեկոյան ժամը 5-ին տուն մտա, արևոտ եղանակ էր, մտա բակ ու վախ զգացի, սկսեցի դողալ, տուն մտա, էլի դողում եմ, գնացի հողամաս, էլի դողում եմ, անձրևի հոտ առա:
Գիշերը 4:10-ին արթնացա, անտանելի մրսում էի, զգացի ինչ-որ բան, երևի հենց այդ ժամանակ էլ իմ բալեն…»,- 168.am-ի հետ զրույցում իր զգացողությունների մասին պատմեց հունվարի 29-ի վաղ առավոտյան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բակում պտտաձողին կախված վիճակում հայտնաբերված, ինստիտուտի առաջին կուրսեցի, 19-ամյա Հայկազ Արկադիի Բարսեղյանի մայրը՝ Արմինե Միքայելյանը: Հիշեցնենք, որ հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմանում, Երևանում տեղակայված Վազգեն Սարգսյանի անվան ուսումնական զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել էր նույն զորամասի 1-ին կուրսի ուսանող Հայկազ Արկադիի Բարսեղյանի դին՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին: Նրանք կալանավորված են: Հայկազի մայրը մեզ պատմեց, որ հունվարի 29-ի առավոտյան զանգել են իր ամուսնուն՝ Արկադի Բարսեղյանին, ու կանչել ինստիտուտ: Այդ ընթացքում Հայկազի մայրը շատ անհանգիստ վիճակում մի քանի անգամ զանգահարել է ամուսնուն՝ որևէ տեղեկություն իմանալու համար, սակայն ամուսինը հստակ ոչինչ չի ասել, միայն տեղեկացրել է, որ շուտով հարազատները կգնան իրենց տուն:
«Չգիտեմ՝ ինչո՞ւ լաց եմ լինում, ու զանգել եմ մամայիս, ասում եմ՝ մամ, մենք Հայկո չունենք էլ, Հայկոս չկա: Բայց դեռ ինձ չէին ասել, ուղղակի սիրտս վկայում էր: Մամաս ասում է՝ ի՞նչ գիտես, ո՞վ է ասել, ասում եմ՝ ոչ մեկը չի ասել, զգում եմ, ասում է՝ սխալ ես զգում… Հետո իմացանք, որ սխալ չէի զգում, մոր սիրտը սխալ չի վկայում»,- պատմում է տիկին Արմինեն:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում