▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Dasaran»-ը՝ Արցախում

Ս.թ. մարտի 2-ին «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ պատվիրակությանն ընդունեց Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը:

Հանդիպման ընթացքում Ս.Ալոյանը ներկայացրեց «Dasaran» կրթական ծրագրի ընթացիկ գործունեությունը, իրականացրած նախաձեռնությունները, գրանցած հաջողությունները և ապագա անելիքները: Ընդգծվեց այն հանգամանքը, որ ներկայումս կրթական ծրագիրը գործում է Հայաստանի և Արցախի հանրակրթական 1.435 դպրոցում՝ իր ցանցի սահմաններում ներառելով գրեթե 1.000.000 գրանցված բաժանորդ (ավելի քան 434.119 աշակերտ, 434.119 ծնող, 1.435 տնօրեն, 48.608 ուսուցիչ): Բարձրաստիճան զրուցակիցը տեղեկացվեց «Dasaran»-ի կայքում գործող ավելի քան 24 կրթական խաղի մասին, որոնք ուսումն առավել ինտերակտիվ, նորաշունչ և հետաքրքիր դարձնելով, օգնում և նպաստում են աշակերտների առաջադիմությանը:

ԼՂՀ Նախագահ Բ.Սահակյանը բարձր գնահատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կրթական ոլորտում «Dasaran»-ի իրականացրած բարեփոխումները՝ ավելացնելով, որ ԼՂՀ իշխանությունները պատրաստակամ են սատարելու Արցախում նորանոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը:

Քննարկման ընթացքում կարևորվեց կայքի միջոցով դպրոցների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացման և ուսուցիչ-աշակերտ-ծնող կապի ամրապնդման հանգամանքը: Մեծապես իմաստավորվեց նաև էլեկտրոնային միասնական հարթակի դերը Հայաստանի և Արցախի միջև եղած հեռավորության կրճատման, հանրակրթական դպրոցների աշակերտների ինտերակտիվ շփման և ուսումնական հաստատությունների միջև հարաբերությունների սերտացման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջիկայում համատեղ իրականացվելիք ծրագրերին, համագործակցության եզրերի ընդլայնմանը, տարաբնույթ մրցույթների շնորհիվ դպրոցներում համակարգչային գիտելիքների հարստացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառման խթանմանը, երկուստեք կարևորվող այլ հարցերի:

Նույն օրը Ս.Ալոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց «Dasaran» կրթական ծրագրի կայքի, մասնավորապես՝ կայքում գործող ինտերակտիվ խաղերի միջոցով արցախյան հանրակրթական դպրոցների աշակերտներին ՆԶՊ առարկան հասանելի դարձնելու հանգամանքը:

Մարտի 2-ին «Dasaran» կրթական ծրագրի թիմը ԼՂՀ կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանի ներկայությամբ հանդիպում ունեցավ Արցախի հանրակրթական 70 դպրոցի տնօրենների, օպերատորական և ուսուցչական անձնակազմերի հետ: Դպրոցներն արդեն ունեն անհրաժեշտ տեխնիկա և համացանցային կապ, և «Dasaran»-ի ներկայացուցիչներն անցկացրեցին անհրաժեշտ վերապատրաստական աշխատանքներ` ուղղված Արցախում գործող «Dasaran»-ի միասնական ցանցային հարթակին դրանց առաջիկա միանալուն: Անհրաժեշտ է նշել, որ «Dasaran»-ի հարթակին արդեն իսկ միացած է արցախյան 85 դպրոց:

Պաշտոնական այցն ավարտվեց «Dasaran» կրթական ծրագրի, ԼՂՀ կրթության և գիտության նախարարության, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի համատեղ հայտարարած «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014-2015» մրցույթի ամփոփման ու մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ: Ամանորի տոներին ընդառաջ հայտարարված մրցույթը եզրափակվեց Արցախի՝ լավագույն աշխատանքներով աչքի ընկած դպրոցների մատնանշմամբ և պարգևատրումներով: 

Նշենք, որ մրցույթին իր ակտիվ մասնակցությունն էր ցուցաբերել «Dasaran» կրթական ծրագրին միացած արցախյան ավելի քան 25 հանրակրթական դպրոց, որոնք հանդես էին եկել կրթօջախների արտաքին և ներքին ամանորյա հարդարման յուրահատուկ լուծումներով:

Մրցույթի արդյունքների ամփոփմանը ներկա էին ԼՂՀ կրթության ոլորտի պատասխանատու անձինք, դպրոցների տնօրինություններն ու այլ հյուրեր: «Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Ս.Ալոյանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ս.Ասրյանը պարգևատրեցին ընդհանուր առմամբ արցախյան 7 դպրոցի: Հաղթողներն ստացան համակարգիչ, պատվոգրեր և այլ խրախուսական մրցանակներ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին