galatv.am-ը գրում է. Հայտնաբերվել է փետրվարի 21-ից անհետացած, ոստիկանների կողմից փնտրվող ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը փոխանցեց, որ նա հայտնաբերվել է Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածի մոտ՝ խանութի հետնամասում: Աֆյանին հայտնաբերել են կախված վիճակում:
«Ամենայն հավանականությամբ Աֆյանն է, քանի որ նրա մոտ հայտնաբերվել է Աֆյանի բջջային հեռախոսը»:
Մեր այն հարցին, թե երբ է նա կախվել եւ արդյո՞ք խանութի աշխատողները, հաճախորդները չեն նկատել, դատախազն ասաց, որ խանութը ճանապարհի վրա է եւ հետնամասը ամենայն հավանականությամբ խուլ վայր է:
«Չգիտենք երբ է մահացել, դատաբժշկական փորձաքննությունը կտա այդ բոլոր հարցերի պատասխանը՝ նա անհետանալու օ՞րն է մահացել, ավելի ո՞ւշ, հայտնի չէ»,-ասաց դատախազը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետ կորելու դեպքի առթիվ։
Գյումրի քաղաքի բնակչուհի Ալվարդ Մկրտչյանը 2015 թվականի փետրվարի 21-ին գրավոր հաղորդում է տվել, որ ամուսինը՝ 1989թ. ծնված Արթուր Աֆյանը, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Նյութը` սկզբնաղբյուր կայքում