РИА Новости-ն գրում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավատարիմ համախոհն է և պատրաստ է հանուն նրա կյանքը զոհել։
Երեկ Կադիրովը Պուտինի կողմից արժանացել է Պատվո շքանշանի, ինչի առիթով Կադիրովն Instagram-ում գրել է, որ «անսահման շնորհակալ» է Ռուսաստանի նախագահին նման բարձր պարգևի և իր «համեստ աշխատանքի» գնահատականի համար՝ նշելով, որ Չեչնիայում խաղաղության և կայունության բոլոր ձեռքբերումները պատկանում են Պուտինին, նրա օգնությունը և աջակցությունը թույլ են տվել հասնել կայուն խաղաղության, վերականգնել հանրապետությունը, նրա տնտեսությունը, մշակույթը։
«Իսկ մենք Ռուսաստանի նախագահի հետևակն ենք։ Ես միշտ երախտապարտ կլինեմ Վլադիմիր Վլադիմիրովիչին այն ամենի համար, ինչ նա արել է իմ և իմ ժողովրդի համար։ Ես ընդմիշտ նրա հավատարիմ համախոհն եմ՝ անկախ նրանից՝ նա նախագահ է, թե ոչ։ Նման մարդու համար կյանքը տալն ամենահեշտ խնդիրն է։ Ես վստահեցնում եմ, որ կկատարեմ նրա ցանկացած հրաման, կլուծեմ ցանկացած բարդության խնդիր»,- գրել է Կադիրովը։