Մահացել է սիրված ու տաղանդավոր դերասան Կարեն Ջանիբեկյանը:
Ցավալի լուրը Asekose.am-ի հետ զրույցում հաստատեց դերասանի որդին` Սոս Ջանիբեկյանը:
Կարեն Ջանիբեկյանը դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին էր: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում: 1961թ-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Հատուկ հանձնարարություն», «Սովի ժամանակներից», «Չախ-չախ թագավորը», «Մորգանի խնամին», «Քաոս», «Աշնան արև», «Արևիկ», «Խոշոր շահում», «Մեզանից երեքը», «Դեմքով պատին», «Արյուն», «Ընկեր Փանջունի», «Լաբիրինթ», «Երևան ջան», «Լովեմբեր», «Արահետ», «Անառակ որդու վերադարձը» և այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, միութենական և հանրապետական պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: 2004թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը:
Asekose.am-ը ցավակցում է սիրված դերասանի մահվան կապակցությամբ ու վշտակցում հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին:
Ստորև` Կարեն Ջանիբեկյանի մտքերից, որ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է գրականագետ Հովիկ Չարխչյանը.
Այսօր գաղափար չկա, միտքը, ասելիքը չկա: Երկրի կարևոր օղակները մերը չեն: Ժողովուրդն ասես օտար երկրում ապրի: Մի բան եղավ` վերջ, վեր կենան կգնան: Հայասիրություն, հայրենասիրություն հասկացություններից բան չի մնացել, վերացել են: Եվ մարդիկ գնում են ոչ թե այն պատճառով, որ շատ վատ է, այլ որ հավատ չկա: Նույնն էլ կինոյում է, թատրոնում, արվեստում ընդհանրապես: Իսկ կինոն սինթեզ է, մեծ ֆաբրիկա, որտեղ ամենքը պիտի իրենց ունեցածը ներդնեն: Մինչդեռ հավատ չկա, իսկ շարժիչ ուժն էլ փողն է ու փողը: Այսօր ազգի, մարդու, երկրի հանդեպ սերն ու հավատն են պակասել: Արվեստում էլ մարդը կարևոր պիտի լինի, և այդ կարևորությունը չպիտի կորչի: