▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում կամ սպանում են և հրճվում, կամ ներկայացնում` Հայաստանից գնացածն այնտեղ գտել է իր դրախտը

Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են մարտի 22-ին՝ ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի լուսանկարը, որում վերջինս գրկախառնված է ադրբեջանցի  պաշտոնյանների հետ: Ավելին` Անդրանիկը նոր «խոստովանություն» է արել, որի համաձայն` Բաքվում իրեն շատ լավ է զգում, օրվա մեջ մի քանի անգամ սնվում է, և դեռ մի բան էլ իրեն նկարելու, ստեղծագործելու հնարավորություն են տվել:

Asekose.am-ի թղթակիցը հրապարակված լուսանկարի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ում խոսքով` ադրբեջանական կողմի նման վարքագիծը սպասելի է.

«Անդրանիկը պե՞տք է այնտեղ ասեր, որ դժոխքում է հայտնվել... Այդ ո՞ր մի հայ ռազմագերին է այնտեղ գնացել ու անկեղծ խոսելու հնարավորություն ունեցել: Նրանք միշտ էլ փորձել են և դեռ շարունակելու են նման կերպար ստեղծել. վաղն էլ կարող է ցույց տան, որ Անդրանիկն ինչ-որ մի արհեստանոց ունի և նկարում է: Իրենցից ամեն ինչ էլ սպասելի է, բայց դա և իրականությունը կապ չունեն միմյանց հետ»:

Իսկ  մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է անել տվյալ պարագայում` հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը գործի է դրել իրեն հատուկ քարոզչությունը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Բոլորի դեպքում էլ նրանք դա արել են` մեկի դեպքում մի քիչ շատ, մյուսի դեպքում` հակառակը: Մենք ի սկզբանե կանխարգելեցինք Անդրանիկին դիվերսանտ ներկայացնելու տեսակետը և ըստ էության` ադրբեջանցիներին այդ հնարավորությունը չթողեցինք… Առհասարակ, Ադրբեջանում երկու ճանապարհ կա. կամ ռազմագերուն ներկայացնում են դիվերսանտ և սպանում, ապա` հրճվում  այդ հանգամանքից, կամ ներկայացնում` որպես Հայաստանից փախած և այնտեղ իր դրախտը գտած մեկին և մի քանի ամիս «աշխատեցնում» իրենց էժան հնարքները: Մենք ինչ արել ենք նախկինում միջազգային կառույցների միջոցով, դա էլ շարունակելու ենք անել ներկայումս, բայց, նախևառաջ, իրավական հիմքերով»:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին