▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Զավեշտներ» Կարեն Գիլոյանից

Հեռուստացույցին բացառիկ դեպքերում եմ մոտենում: Պիտի անչափ հետաքրքիր հաղորդում լինի, որ թողնեմ գործերս ու նայեմ:

Այսօր պատահաբար նայեցի Հ1-ի եթերով հեռարձակվող հաղորդում՝ նվիրված Լուսինե Զաքարյանին: Չգիտես ինչու և որ տրամաբանությամբ, այդ հաղորդումն ընդգրկված էր Ռաֆայել Հովհաննիսյանի հայտնի հաղորդաշարի մեջ, որի հովանավորը ՀՀ Սփյուռքի նախարարությունն է… Լուսինե Զաքարյանը Ախալցխայում է ծնվել, երևի հաղորդաշարի հեղինակին հաջողվել է համոզել Սփյուռքի նախարարությանը, թե Գուգարաց աշխարհի ինը գավառներից մեկը հանդիսացող Ջավախքը սփյուռք է… Այս հաղորդաշարը գլխավորապես ներկայացնում է Սփյուռքը, այնտեղ ապրող մեր հայրենակիցներին: Ուրեմն, իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանում ապրած Լուսինե Զաքարյանն ինչու՞ էր դարձել… սփյուռքահայ…

Այս մի զավեշտը կարծես թե կամեցա մարսել:

Սրան հաջորդեց արդեն հաղորդման հեղինակը: Մարզական մեկնաբան Կարեն Գիլոյան: Ես չգիտեի, որ երգարվեստը մարզաձև է, կամ էլ մարզական մեկնաբանը արվեստաբան-երաժշտագետ է: Կպատկերացնե՞ք, ես սամբոյի մրցաշար մեկնաբանեմ…
Բայց, սա էլ հասկացա: Դե, Սփյուռքի նախարարությունը հովանավորել է, հոգացել Ախալցխա գնալ-գալու ծախսերը, հոնորարի փող տվել: Ինչու՞ կանչել երաժշտագետի, Լուսինե Զաքարյանի արվեստի գիտակի… Հո եղած փողը քոռուփուչ չէին անելու…

Իսկ հաղորդման մեջ հիշվեց այն մասին, որ երբ կոնսերվատորիայի ուսանողուհի Լուսինե Զաքարյանը ցանկացել է երգել Մայր Աթոռ սբ Էջմիածնի երգչախմբում, տեղեկանալով այն մասին, որ նա ռուսախոս է, Վազգեն Առաջին Վեհափառը դեմ է եղել, ասելով, որ ռուսախոսն ինչպես է երգելու Պատարագ կամ Սուրբ-սուրբ՝ առանց բառերը հասկանալու…
,,Սա այսօր կարող է զավեշտ թվալ, որ գտնվել է մի երգչախումբ, որը չի կամեցել վերցնել Լուսինե Զաքարյանին,, ,- ընդհանրացրեց արվեստների գծով մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: Այսինքն, Վազգեն Ա-ն ծիծաղելի և զավեշտալի միտք է ասել, սխալ է եղել, որ հոգևոր երգեր կատարողը պիտի անգամ գրաբար իմանա…
Խե՜ղճ սրբացած Վազգեն Առաջին, որ քո խոսքը ,,ամենագետ,, Կարեն Գիլոյանը զավեշտալի է համարում ու հանրությանը մատուցում մի խեղճուկրակ հաղորդում իսկապես բացառիկ ու անկրկնելի Լուսինե Զաքարյանի մասին…

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ. Գրեցի, ավարտեցի միտքս ու հիշեցի, որ այսօր Կարեն Գիլոյանի ծննդյան օրն է: Շնորհավորում եմ, մաղթում ամենայն բարիք և նաև թախանձագին խնդրում՝ մի՛ արա մի գործ, որը քոնը չէ…

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին