▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության փոխգնդապետին մեղադրանք է առաջադրվել

Հատուկ քննչական ծառայությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Էլոյանի ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով` պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել էր քրեական գործ:
Նշել էինք, որ ըստ նյութերի նախապատրաստմամբ ձեռք բերված տվյալների` ոստիկանության բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ` թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման ենթարկված քաղաքացուն համոզել, հորդորել են ընդունել իրականում իրեն չպատկանող զգալի չափի մարիխուանա տեսակի թմրամիջոցն ապօրինի պահելու փաստը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության մարզային վարչության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Ն.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 38-268-րդ հոդվածներիի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականի օգոստոսի 4-ին մեկնարկած «Կանեփ-Կակաչ 2014» համալիր հանրապետական օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի ցուցանիշները առերևույթ բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ: Այսպես՝ նախկինում մի քանի անգամ դատապարտված քաղաքացուն վերջիններս հրավիրել են ոստիկանության բաժին և համոզել, դրդել են ապօրինաբար որևէ տեղից ձեռք բերել, գրպանում պահել, փոխադրել զգալի չափերով մարիխուանա տեսակի թմրամիջոց հետագայում այն, իբր, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունք հայտնաբերելու և թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքի բացահայտում արձանագրելու նպատակով: Քաղաքացուն միաժամանակ հորդորել են նաև գործի քննության բոլոր փուլերով խոստովանական ցուցմունքներ տալ, քրեական վարույթն իրականացնող մյուս մարմիններից թաքցնել իրականությունը, ներկայացրել են, որ դեպքի առթիվ կհարուցվի քրեական գործ, նրան մեղադրանք կառաջադրվի, ապա դատարանը նրան կդատապարտի առանց իրացնելու նպատակի ապօրինի թմրամիջոց պահելու համար, սակայն իրենք երաշխավորել են, որ կնշանակվի անազատության հետ չկապված պատիժ:
Քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելուց, պահելուց և փոխադրելուց հետո, պայմանավորվածության համաձայն, Վարդան Ն.-ի ու իր վերադասի կազմակերպմամբ խեղաթյուրվել է իրականությունը, ձևակերպվել է, թե, իբր, քաղաքացին թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, և հրավիրված, մոլորության մեջ գտնվող ընթերակաների ու օպերատիվ այլ աշխատակիցների ներկայությամբ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցը, որի մասին կազմվել են համապատասխան դատավարական արձանագրություններ և կցվել, իբր, բացահայտված հանցագործության վերաբերյալ նախապատրաստված նյութերին:
Դրանից հետո Վարդան Ն.-ի և նրա վերադասի կողմից ՀՀ ոստիկանության հերթապահ մասի միջոցով ներկայացվել է թմրամիջոցի հայտնաբերման և բացահայտման մասին օպերատիվ ամփոփագիր:
Քաղաքացու խոստովանական բացատրությամբ հանդերձ նյութերը ըստ ենթակայության ուղարկվել են քննչական բաժին, դեպքի առթիվ հարուցվել և քննվել է քրեական գործ, իսկ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, և ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 30-ի դատավճռով 1 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելուց հետո քաղաքացին փաստացի 4 ամիս գտնվել է անազատության մեջ:
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին