▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյաններն արթուն են եղել ու փորձել են պայքարել.Փորձագետի եզրակացությունը

Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ-փաստաբաններն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում մանրամասներ ներկայացրեցին փորձաքննությունների արդյունքներից: Փորձագետի եզրակացությունը բաղկացած է 144 էջից:

«Ոչ բոլորն են եղել դեպքի վայրում և չեն պատկերացնում, թե այն ինչպիսի բնակարան է: Մուտքն է, հյուրասենյակն ու ննջասենյակները: Այսինքն, տունը հանդիսանում է ուղիղ նեղ տարածություն, որը բաժանված է պատերով: Հյուրասենյակում առկա է 2 վնասվածք: Կրակող անձը կանգնած է եղել տան կամարի մեջ և կրակել է, և արտանետված պարկուճները վնասել են նաև կամարաձև  պատի հատվածը: Ննջասենյակ մտնող դռան արանքում նույնպես կրակոցներ են եղել: Կան նաև վնասվածքներ՝ պատերի վրա: Ըստ փորձագետի եզրակացության՝ արձանագրվել են սվին-դանակի վնասվածքներ, մասնավորապես անկողնային պարագաների վրա, հատկապես Արմեն Ավետիսյանի անկողնու վրա»,-ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Նա նշեց, որ կան հանցագործի  շարժման ուղղությունները, բայց թե տուժողներն ինչ դիրքում են գտնվել կրակոցնրի արձակման պարագայում, դեռևս պարզ  չէ:

Ըստ փորձագետի եզրակացության՝ գրեթե բոլոր հրազենային վնասվածքները, որոնք առկա են բնակարանում, ցույց են տալիս, որ հրացանի փողը հորիզոնական դիրքում է եղել, այսինքն՝ վերևից ներքև կրակոց տեղի չի ունեցել:

Նրա խոսքով՝ հյուրասենյակում գտնվել է Աիդա Ավետիսյանը, ով չի էլ հասցրել տեղաշարժվել, բայց վերմակը բարձրացված է:

«Սակայն, պետք է հաշվի առնենք, որ մինչև քննիչները հասել են դեպքի վայր, այնտեղ են եղել բժիշկները և փորձել են առաջին օգնություն ցույց տալ: Հետևաբար, չենք կարող ասել, որ նա արթուն է եղել: Բայց նա մնացել է միևնույն դիրքում»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Երկրորդ սենյակում գտնվածները՝  Սերյոժա և Հասմիկ Ավետիսյանները՝ տատիկը և պապիկն են եղել, և նկարներից պարզ է դառնում, որ Հասմիկ Ավետիսյանը արթուն է եղել և տեղաշարժվել է, քանի որ  նրա ոտքերը անկողնուց ներքև են եղել:

«Կարող ենք ասել, որ պապիկը նույնիսկ պայքարել է, քանի որ ըստ դատաբժշկական եզրակացությունների՝ նրա վրա, բացի հրազենային վնասվածքից, կային քերծվածքներ.ձախ աչքի վերին կոպի շրջանում, ձախ ենթակողի, որովայնի շրջանում: Ակնհայտ է, որ պապիկը փորձել է պայքարել, և երբ ստացանք գենետիկական փորձաքննության արդյունքները, պարզ դարձավ, որ ինքնաձիգի փողի վրա հայտնաբերվեց Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, ինչը նշանակում է, որ փողից հասցրել է բռնել: Խզակոթի վրա նույնպես նրա ԴՆԹ-ն է, այսինքն,  կրակող անձը փորձել է հարվածել: Նա դիմադրություն է ցույց տվել»,-նշեց փաստաբանը:

Երրորդ ննջասենյակում գտնվող Արմեն Ավետիսյանի դին գետնին է եղել, այսինքն՝ արթնացած է եղել, իսկ  Արաքսյա Պողոսյանը մահճակալում է եղել՝ փոքրիկ Սերյոժան գրկում:

«Արաքսյան կտրող-ծակող գործիքից մարմնական վնասվածքներ է ստացել և սվին դանակի վրա կա արյան խառնուրդ, ինչը համապատասխանել է փոքրիկ Սերյոժայի և Արաքսյա Պողոսյանի արյանը: Մայրն իր մարմնով փորձել է պաշտպանել Սերյոժա Ավետիսյանին: Որոշակի պատկեր ենք ստանում, որ առաջին սենյակում կրակելուց հետո երկրորդ և երրորդ սենյակներում արդեն արթնացել են, բայց քանի որ Ավետիսյանների տունը շատ փոքր է, մի սենյակից մյուսն անցնելը մի քանի քայլ է, հետևաբար, մյուս սենյակներում գտնվողները չեն կարողացել ոչինչ անել:

Փոքրիկ Հասմիկ Ավետիսյանը նույնպես եղել է երկրորդ սենյակում, և նա մեկ վնասվածք է ստացել»,-հայտնեց  Լուսինե Սահակյանը:

Գործով մյուս փաստաբան Երեմ Սարգսյանն էլ անդրադառնալով Վալերի Պերմյակովի թողած հետքերին, ասաց, թե հյուրասենյակի գազի վառարանի վրա հայտնաբերվել է ծխախոտի մնացորդ, ինչը, ըստ փորձաքննության արդյունքների, 99,99 %-ով Վալերի Պերմյակովինն է:

«Սվին դանակի պատյանի, գոտու և բռնակի վրա հայտնաբերվել է Պերմյակովի ԴՆԹ-ն: Ձմեռային համազգեստի օձիքին ևս Պերմյակովի ԴՆԹ-ն է հայտնաբերվել, նույնը նաև ականջակալների դեպքում: Դեպքի վայրում առկա բոլոր առարկաների վրայի ԴՆԹ-ները 99,99 %-ով համապատասխանում են Վալերի Պերմյակովի ԴՆԹ-ին»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Լուսինե Սահակյանը նշեց նաև, որ  ամեն ինչ շատ արագ է տեղի ունեցել և, երբ նայում են թե կրակոցներն ինչ ուղղությամբ են եղել, ամենայն հավանականությամբ, կրակող անձը մեկ հոգի եղել, քանի որ կրակել է շարքով, մեկ անձի շարժման ուղղություն է, և հետո դեպքի վայրը շատ փոքր է և կարող էին իրար վնասել, իսկ թե այլ մարդիկ եղել են, թե ոչ՝ չեն կարող ասել:

Փաստաբանների տեղեկացմամբ՝ մինչ օրս ոչ ռուսական, ոչ հայկական կողմին հայտնի չեն հանցագործության դրդապատճառները, սակայն պատկերն ամբողջացնելով կարող են ասել, որ Պերմյակովը գործել է դիտավորության սկզբունքով։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին