▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոչ մի հարց չի լուծվում հօգուտ ժողովրդի. Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ, «Empyray» ռոք խմբի ստեղնահար Գիսանե Պալյանը հիասթափված է այսօր լուսադեմ տեղի ունեցած միջադեպից: Asekose.am-ի հետ զրույցում Գիսանեն ասաց, որ մարդիկ խաղաղ պայմաններում իրենց պահանջներն են ներկայացրել և, ըստ երգչուհու, իրավապահները բռնություն կիրառելու իրավունք չունեին: Նրա խոսքով՝ մեզ մոտ ամեն բարձրացված ձայն այսպիսի բռնության է հանգում:

«Ազատ երկրում ամեն ոք իրավունք ունի իր կարծիքը հայտնել, ինչ-որ երևևույթին դեմ գնալ: Եթե ողջ ժողովուրդը դեմ է, որ ավել վճարի հոսանքի համար, ինչպես կարելի է պարտադրել, որ կողմ լինի: Մենք գիտենք, թե նախորդ տարի ինչ բացթողումներ են արվել. սակագներն են բարձրացրել, ինչ-որ վարկեր են վերցրել: Մի խոսքով, այդ ամենն անհիմն է, և ես դատապարտում եմ դա»,- ասաց Գիսանե Պալյանը:

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը՝ Գիսանե Պալյանն ասաց, որ ինքը ևս դեմ է և ամեն հնարավոր տարբերակով իր աջակցությունն է ցուցաբերելու դրա դեմ պայքարին.  

«Այս երկրում շատ շատերը հուսահատված են և այլևս չեն հավատում բարեփոխումների: Ծանր սոցիալական իրավիճակում գտնվող ժողովրդին մի հատ էլ պարտադրում են ավելի շատ վճարել հոսանքի դիմաց: Սա այն խնդիրն է, որ բոլորին է վերաբերվում: Այս երկրում, բացառությամբ մի քանի երևույթի, ոչ մի հարց չի լուծվում հօգուտ ժողովրդի: Ամեն ինչ, միևնույն է, արվում է այնպես, ինչպես որ որոշվում է վերին ատյաններում: Ժողովրդի ոչ կարծիքն են  հարցնում, ոչ հաշվի են նստում այդ կարծիքի հետ: Հուսահատ իրավիճակ է»,- ասաց երաժիշտը՝ հավելելով, որ պայքարը պետք է շարունակել:

Ըստ Գիսանե Պալյանի՝ ժողովրդի համախմբման համար անհրաժեշտ է միտում, որը, ըստ նրա, ցավոք չկա:  Երաժշտագետի խոսքով՝ նման իրավիճակում ցանկալի կլիներ, որ ընդդիմադիր ձևացող քաղաքական գործիչները, ովքեր միայն խոսում են ինչ-որ մի տեղ պատսպարվելու փոխարեն, թող գնային և ժողովրդին կողքին կանգնեին:

Հատկանշական է, որ զրույցի ընթացքում Գիսանե Պալյանն առանձնակի ուշադրություն հրավիրեց լրագրողներին բռնության ենթարկելու վրա.

«Ինձ ամենաշատը դա զայրացրեց: Եթե մատնանշում են, թե ցուցարարների կողմից եղել է սխալ պահվածք, օրենքի խախտում, ապա ինչպե՞ս են բացատրում լրագրողների հանդեպ բռնությունը: Չէ որ դրան արդեն բացատրություն չկա»,- եզրափակեց Գիսանե Պալյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին