Վաղը՝ Արամի 42/1 հասցեում գտնվող Նավավար ձկնալի ըմպելարանում տեղի է ունենալու վավերագրող լուսանկարիչ Գերման Ավագյանի Visual Poetry ցուցահանդեսը:
Լուսանկարիչը Asekose.am-ի հետ զրույցում ասաց, որ շուրջ 20 տարի մտահաղացում է ունեցել համադրել լուսանկարչությունը և պոեզիան, սակայն չի գտել այն ներկայացնելու ձևաչափը:
«Գարուն ամսագրում աշխատելու տարիներից ունեցել եմ այդ մտադրությունը: Ես մի լուսանկար ունեի՝ Տիգրան Պասկևիչյանի դիմանկարը, որը տպագրվել էր 15 տարի առաջ: Մի օր զանգահարեցի Տիգրանին, հանդիպեցինք, ցույց տվեցի նրան լուսանկարը: Մի բանաստեղծություն կար, որը շատ էի հավանել, խնդրեցի իրեն, որ գրի լուսանկարի վրա: Ես էլ այն՝ իր գրածով հանդերձ, իմ արվեստանոցում էի պահում: Հետո հասկացա, որ հենց այս ձևաչափով ես կարող եմ իրականացնել մտահաղացումս»,- ասաց լուսանկարիչը:
Ցուցադրվող լուսանկարները սև և սպիտակ են, քանի որ, ըստ Գերման Ավագյանի՝ գույները շեղում են հիմնական մտքից: Ընտրված պոետները, որոնց լուսանկարները վաղը կցուցադրվի, լուսանկարչի ժամանակակիցներն են, որոնց հետ նա նաև ստեղծագործել է, բացառությամբ երկու երիտասարդների...
Լուսանկարչի խոսքով՝ սա ցուցահանդեսի առաջին փուլն է, սակայն այսքանով ցուցադրությունը չի սահմանափակվելու: Ինչպես Գերման Ավագյանը նշեց, առաջիկայում նախատեսվում է անցկացնել նաև ցուցադրության երկրորդ փուլը:
Հեղինակ՝ Ատոմ Գրիգորյան