▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Նեմրութի բարձունքում

Մեծ Եղեռնի խորհուրդը կրող՝ 100 մետրանոց Եռագույնը ծածանվեց Նեմրութի բարձունքում՝ հին հայկական սրբավայրում, գրում է Asbarez.com-ը:

Օգոստոսի 12-ին հնագույն հայկական Ամանորի տոնի՝ Նավասարդի առիթով Մեծ եղեռնի խորհուրդը կրող Եռագույնը ծածանվեց նաև Նեմրութ լեռան բարձունքում գտնվող հայ աստվածների հուշարձանախմբից կազմված հին հայկական սրբավայրում: Այս մասին ըստ «Հայերն այսօր»-ի՝ հայտնում է Արցախյան ազատամարտի մասնակից, ֆոտոլրագրող, «Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանը, ով նաև 100 մետր երկայնք ունեցող Եռագույնի հեղինակն է:

Օգոստոսի 12-ի առավոտյան հայ զբոսաշրջիկներից կազմված ուխտավորների խումբը սկսել է նվաճել լեռան բարձունքը, ինչից հետո՝ հնագույն հայկական սրբավայրի շուրջ պարզելով Մեծ եղեռնի խորհուրդը կրող դրոշը, շրջան է կազմել և 100 վայրկյան լռությամբ հարգել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Օգոստոսի 11-ին «Տիգրան Մեծ» հիմնադրամին հաջողվել է Եռագունը ծածանել նաև պատմական Հայաստանի Մեծ Հայքի Մոկք նահանգի Միջա գավառում, Սարիխաչ լեռան հարավ-արևմտյան լանջին, Ապարանից Սուրբ Խաչ վանքի լեգենդար խաչքարերի շուրջ, որոնք իրենց 12-14 տոննա կշռով և 6 մետր բարձրությամբ ոչ միայն աշխարհի ամենամեծ խաչքարերն են, այլ նաև հայ ազգի երբեմնի հզոր ուժի վկան:

Նշված նախաձեռնությունները հնարավոր է եղել իրականացնել «Ախթամար տուր» գործակալության աջակցության շնորհիվ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին