«Այդ դատավարության ընթացքում մեր առաջին խնդիրն այդքան էլ լուծել չկարողացանք, որովհետև Պերմյակովը հրաժարվեց ցուցմունք տալուց, քանի որ պաշտպանական որոշակի մարտավարություն էր ընտրել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Պերմյակովի դասալքության գործով դատավարության մասին՝ ասաց Ավետիսյանների սպանության գործով փաստաբան Լուսինե Սահակյանը:
Ինչ վերաբերում է Պերմյակովի պահվածքին՝ նկատեց.
«Այն շատ տարօրինակ էր, և առավել տարօրինակ էր՝ լսել փորձագետների դատահոգեբանական և հոգեբուժական եզրակացությունները, որի արդյունքում ռուսական կողմը նշանակված փորձաքննությամբ հանգել էր այն եզրակացության, որ Պերմյակովը լիովին առողջ է, որևէ խնդիր չունի, ագրեսիվ չէ և մեղսունակ է: Այն, որ նա մեղսունակ է, ոչ ոք չի կասկածում, բայց նրա պահվածքը հանգեցնում էր հետևության, որ ունի որոշակի խնդիրներ: Պատկերացրեք, դատավարության ընթացքում ամբողջ օրը նստած է, տարբեր գործողություններ են կատարվում, մեկ անգամ շուռ չգալ-նայել դահլիճին, սա արդեն տարօրինակ է: Բացի այդ՝ քո դատավարության ընթացքում քնել-արթնանալն արդեն տարօրինակ է:
Նման պարագայում ակնհայտ է, որ նա չպետք է զորակոչվեր, կամ, եթե նույնիսկ զորակոչվել էր, նրա ձեռքում զենք չպետք է հայտնվեր: Պետք է հետևողական լինեին, քանի որ այն անձինք, ովքեր անգործություն են դրսևորել, որի հետևանքով Պերմյակովը հայտնվել է զորամասում,ապա լքել է զորամասը՝ զենքով, պետք է պատասխանատվության ենթարկվեին: Մենք տեսանք, որ ռուսական կողմն ընդհանրապես ջանք չի ներդրել, որ պատասխանատվության ենթարկի նրանց: Իսկ, դրա համար փորձագետի եզրակացություններ են հայտնվել, համաձայն որոնց նա լիովին առողջ է, իսկ նման սպանություն կատարելու համար անձը շատ լուրջ դրդապատճառ պետք է ունենա և հայկական կողմը պետք է գտնի դրդապատճառը:
Միջնորդելու ենք, որ նշանակվի դատահոգեբանական, հոգեբուժական փորձաքննություն հայկական կողմում»:
Անդրադառնալով Պերմյակովի ցուցմունքին՝ Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն ասաց, որ Պերմյակովի ցուցմունքն ամբողջությամբ չի հրապարակվել՝ Ավետիսյանների տանը տեղի ունեցածի մասով:
«Օրինակ, նա նշել էր, որ տուն է մտել հագուստներ, իրեր ձեռք բերելու համար, որպեսզի հատի սահմանը: Մինչ այս պահը մենք տեղեկություն չունեինք, որ փորձել է իրեր փնտրել: Հայտնի է նաև տանը գտնվելու տևողությունը, զորամասը լքելու ժամը: Պերմյակովի ցուցմունքներից ակնհայտ երևում է, որ սահմանն ապօրինի հատելու դիտավորություն եղել է»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սահմանն ապօրինի հատելու փորձի հետ կապված քրեական գործ հարուցելու միջնորդություններ բազմիցս են ներկայացվել: Միջնորդությունը, սակայն, հետաձգվել է:
Ինչ վերաբերում է Պերմյակովի՝ միայնակ գործելուն, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ նկատեց, որ գործի նյութերի այն հատվածները, որոնց ծանոթացել են, դեռևս բավարար չէ ենթադրելու, որ Պերմյակովը, ինչպես Ավետիսյանների հարազատներն են պնդում, միայնակ է գործել:
Անի Կարապետյան