▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերիի մահը նաև իմ անձնական վիշտն է, որը ես կկրեմ ամբողջ կյանքիս ընթացքում. Շուշանիկ Բախշյան

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը, ում 26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները մեղադրում են նրա և նորածնի մահվան մեջ, հանդես է եկել հայտարարությամբ:

«Խորապես ցավում եւ վշտացած եմ Մերի Մարգարյանի ողբերգական մահվան կապակցությամբ: Մերին ինձ համար ավելին էր, քան պարզապես հաշվառված հղի: Դա կարող են փաստել շատերը: Մերիի մահը նաեւ իմ անձնական վիշտն է, որը ես կկրեմ ամբողջ կյանքիս ընթացքում:

Որեւէ կերպ չեմ փորձել պատասխանել մամուլում հնչած գնահատականներին, հակառակվել արտահայտված տեսակետներին կամ հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունն ու փաստերի բազմաթիվ աղավաղումները՝ հասկանալով մեծ կորուստ ունեցած ընտանիքի զգացմունքները, ցավն ու անդառնալի կորուստը: Կլռեի նաեւ հիմա, սակայն աշխատանքիս վերադառնալու առիթով ԶԼՄ-ների բարձրացրած աղմուկի նոր ալիքին ի պատասխան ստիպված եմ անելու սույն հայտարարությունը:

Տեղեկացնում եմ, որ չնայած ծանր հոգեբանական վիճակիս՝ ստիպված եմ եղել վերադառնալ աշխատանքային պարտականություններիս կատարմանը, հանդիպել այն հղի կանանց, ովքեր ունեն իմ կարիքը: Իհարկե, նկատի ունենալով հոգեպես ճնշված եւ վշտացած վիճակս, որեւէ ծնունդ չեմ վարում, սակայն չէի կարող մնալ տանը, չտեսնել իմ պատասխանատվության ներքո գտնվող հղիներին ու հիվանդներին: Ինչպես հայտնի է, ներկայումս գործը քննվում է իրավապահ մարմինների կողմից: Համոզված եմ, որ տեղի ունեցած ողբերգության իրական պատճառները կպարզվեն դատաբժշկական փորձաքննությունների եւ հարուցված քրեական գործի քննության արդյունքում: Եթե Մերիի ողբերգական մահվան մեջ կան մեղավորներ, ապա նրանք բոլորն էլ օրենքի շրջանակներում պետք է կրեն պատասխանատվություն»:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանը մահացել  է հուլիսի 29-ին, իսկ մեկ օր անց մահացել է նրա նորածին դուստրը:  Հարազատները կատարվածի մեջ մեղադրում են  «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, քանի որ ըստ նրանց`  անտեսել է Մերի բարձր ջերմությունը և հրաժարվել է նրան  հոսպիտալացնել:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին