Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես Հրազդան քաղաքից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության աշխատակիցները՝ վարչության պետ Սերոբ Հարությունյանի գլխավորությամբ, ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները՝ Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչոության քննիչները՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ժամանել են Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 154 տուն:
Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր դատաբժշկի հետ աշխատանքներ են կատարում՝ թաղված դին զգուշությամբ դուրս բերելու համար: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները նշված տանը պատկանող ավտոտնակում հողի մեջ թաղված հայտնաբերել են տանտիրուհու՝ 80-ամյա Արաքսյա Հարությունյանի դին: Վերջինս օրեր առաջ որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու մեջ կասկածվում է նրա որդին՝ 54-ամյա Հայկազ Նազարյանը, ում երեկ՝ օգոստոսի 28-ին, տեղափոխել են հոգեբուժական հիվանդանոց:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում