Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրին Ավետիսյանների սպանության գործի զարգացումները՝ ստացված փորձագետների եզրակացության հիման վրա:
Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնեց, որ հայկական կողմի հոգեբուժական և հոգեկան վիճակի մասին փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է՝ Վ. Պերմյակովն ունի հոգեկան լուրջ խնդիրներ, սակայն նա մեղսունակ է, այսինքն՝ հանցագործ է և ենթակա է քրեական պատասխանատվության.
«Հայկական կողմը հանգել է հետևության, որ փորձաքննվող Պերմյակովին հատուկ են իմպուլսիվությունը, կամակորությունը, եսակենտրոնությունը, իրավիճակային ագրեսիվությունը, բռնկվողականությունը, երևակայությունը, հուզական լարվածության ժամանակ ադապտացիայի դժվարությունները, շտապողականությունը՝ դյուրագրգռության համակցումով: Եվ հոգեբաններն ու հոգեբույժները եկել են եզրահանգման, որ հենց նման հատկանիշներով է պայմանավորված նրա վարքը»,-ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ սպանությունից հետո կատարվել է խուզարկություն և Պերմյակովի մոտ նոթատետրի մեջ մի նամակ է հայտնաբերվել՝ ուղղված իր ծնողներին, որտեղ նա նշում է, որ այն ինչ կատարվել է, դա ինքը չի արել, այլ արել է իր մեջ գտնվող մարդը:
«Երբ փորձաքննության ընթացքում ներկա էինք, և նա պատասխանում էր հոգեբույժների ու հոգեբանների հարցերին, շատ տարօրինակ տպավորություն էր մեզ մոտ, որովհետև մի առումով նա շատ խղճալի վիճակում էր, որովհետև ասում էր.ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես սպանեցի երեխաներին, որովհետև նրանք ինձ համար ծաղիկներ են ու շատ եմ սիրում նրանց, մյուս դեպքում էլ ժպիտով աում էր, որ արել է, այդպես է ստացվել»,-նկատեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ բացասականորեն բնութագրող բժշկական փաստաթղթերը, որոնք բարեբախտաբար չեն ոչնչացվել ռուսական կողմից՝ ակնհայտ է դառնում, որ ժամանակին Պերմյակովը բազմիս գտնվել է հոգեբուժների հսկողության ներքո, զորակոչվել է բանակ, որտեղ դրսևորել է տարօրինակ վարք, սուիցիդալ դրսևորում, ագրեսիվություն:
«Մասնավորապես՝ համածառայակիցները նշել են, թե առնվազն երեք օր նա անընդհատ լալիս էր, թե մայրս մահացել է, հետո ըստ ծառայակիցների, հանդարտվել է, բայց գիտենք, որ նրա մայրը կենդանի է: Նաև ընկերների հետ խոսել է «Oդնոկլասնիկի» կայքով, թե մարտի է մասնակցում ու յուրաքանչյուր գիշեր 40 հազար կրակոց արձակում: Այս փաստերը խոսում են,ո ր լուրջ խնդիրներ ունի»,-ասաց նա և հավելեց, թե նաև հայտնի է նույն փաստաթղթերից, որ 14 տարեկանից Պերմյակովը ոգելից խմիչքներ և թմրամիջոցներ է օգտագործել»:
Անի Կարապետյան