Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբաններն այսօր հրավիրված ասուլիսին ներկայացրին Ավետիսյանների սպանության գործի զարգացումները՝ ստացված փորձագետների եզրակացության հիման վրա:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է.
«Եթե շարադրենք նախաքննության ցուցմունքը այն է, որ ցանկացել է սահմանները հատելով հասնել Ռուսաստանի դաշնություն: Զենքը վերցրել է, որ դրանով կարողանա հագուստ և գումար հայթայթի: Աաում է, որ թակել է Ավետիսյանների դուռը, քանի որ արձագանք չի եղել՝ մտածել է, որ տանը մարդ չկա: Իսկ սպանությունից հետո արդեն ցանկացել է Թուրքիա գնալ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»:
Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ներկայացրեց ստի դետեկտորի միջոցով իրականացված «հարցաքննությունը», որով փորձել են պարզել, թե ըստ Պերմյակովի պատկերացումների՝ ի՞նչ է տեղի ունեցել:
«Ռուսական կողմը Ավետիսյանների սպանության գործը քննելիս դատահոգեֆիզիոլոգիական փորձաքննություն է իրականացրել, այլ կերպ ասած՝ պոլիգրաֆ կամ ստի դետեկտոր: Դեպքի վերաբերյալ էական հարցերի ժամանակ նրա մոտ ակնհայտ դրսևորված հակազդակներ են ի հայտ եկել, ինչը նշանակել է, որ անհանգստացած է: Պերմյակովը նշել է, որ ինքն է կատարել հանցագործությունը և երկրորդ կարևոր հարցին, թե արդյո՞ք միայնակ է եղել, ազդակներ են գրանցվել, որ՝ այո:
Հարցին, թե նպատակայի՞ն է մտել Ավետիսյաների տուն, թե՝ պատահական, ստի դետեկտորը պարզել է, որ մինչև այդ տուն մտնելը այլ տներ է փորձել մտնել, բացել դռները, սակայն չի հաջողվել: Քանի որ Ավետիսյանների տան դուռը բաց է եղել, մտել է այնտեղ: Կրակոցների դիրքերի հետ կապված հիմնականում նշել է, որ զենքը եղել է հորիզոնական դիրքում: Նշում է, որ սվին-դանակը եղել է ինքնաձիգի վրա ամրացված:
Ինչ վերաբերում է սպանությունների կատարման հերթականությանը, նա հայտնել է, որ առաջինը սպանել է Աիդա Ավետիսյանին, դրանից հետո՝ Սերյոժա և Հասմիկ Ավետիսյաններին, Արմեն Ավետիսյանին և կնոջը՝ Արաքսյա Պողոսյանին, ապա Հասմիկ Ավետիսյանին և փոքրիկ Սերյոժային:
Թե ինչո՞ւ է սպանել Աիդա Ավետիսյանին՝ պատասխանել է, որ երբ մտել է ներս, լույսը ընկել է աղջկա դեմքին, վերջինն արթնացել ու գոռացել է, ինքն էլ կրակել է:
Երբ մտել է երկրորդ սենյակ, Սերյոժա Ավետիսյանի ուղղությամբ կրակելիս նշում է, որ մեջքի կամ փորի վրա պառկած է եղել ու չի հասցրել ոտքի կանգնել: Այստեղ մենք որոշակի հակասություն ունենք քրեական գործի մյուս տվյալների հետ, մասնավորապես ունեինք տվյալ, որ զենքի փողի վրա առկա է Սերյոժա Ավետիսյանի ԴՆԹ-ն, բայց Պերմյակովը հերքել է սա: Հաջորդը Հասմիկ Ավետիսյանի տվյալներն են, նա նույնպես չի հասցրել վեր կենալ:
Արմեն Ավետիսյանի դեպքում ասել է, որ սենյակներով մի տղա էր վազում ու նրան երկու անգամ է կրակել՝ վերջ տալով կյանքին:
Արաքսյա Պողոսյանի դեպքում հակասական բաներ է ասում, իբր նա հեռախոսով փորձել է զանգել, ինչպես նաև՝ վերմակով ծածկվել է ու հավանաբար երեխային է ցանակացել փրկել:
Փոքր աղջնակի համար էլ ասել է, որ սվին-դանակով է սպանել, իսկ նման հետք չկա աղջկա վրա: Երեխաներին սպանել է, քանի որ լաց են եղել ու «ազդել» են իր նյարդերի վրա»,-ասաց Երեմ Սարգսյանը՝ հավելելով, որ այս ամենը Պերմյակովի ներքին համոզմունքն է և սրանք այն տվյալներն են, որոնց նա է հավատում:
Նշենք, որ տուժող կողմը քննարկում է Ռուսաստանից լուրջ փոխհատուցում պահանջելու հարցը՝ ոչ այնքան երկրին ֆինանսական լուրջ պատասխանատվության ենթարկելու, որքան հետագայում նման հանցագործությունները կանխելու համար:
Անի Կարապետյան