▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օրրանի երեկոյի գլխավոր իրադարձությունը Սերժ Թանկյանի լեգենդար կիթառի աճուրդն էր

Գլենդել, Կալիֆոռնիա: 2015թ.-ի նոյեմբերի 11-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում տեղի ունեցավ Օրրանի Հուսո Ճանապարհ բարեգործական ճաշկերույթը, որին հրավիրված էին 250 պատվավոր հյուրեր: Ներկաների շարքերում էին Օրրանի հիմնադիրներ Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանները, գլխավոր հովանավորներից Գրիգոր Գրիգորյանը՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը և աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանն՝ իր ընտանիքի հետ: Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի 8-րդ թեմակալ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության խոսքից և տեր Վազգեն Աթմաջյանի սեղանի օրհնանքից հետո երեկոյի հանդիսավար Դոկտոր Սթիվեն Քամաջյանը իր խոսքով հուզեց հյուրերի սրտերը՝ ներկայացնելով Օրրանի՝ կարիքավոր երեխաների և միայնակ տարեցների կյանքերը բարելավելու առաքելությունը: Այնուհետև՝ հանդիսավարը ներկայացրեց ականավոր փաստաբան Մարկ Գերագոսին, ով իր ելույթով կոչ արեց ներկաներին աջակցել  Օրրանին     և դրամական նվիրատվություն կատարեց իր երկու թոռնիկների անունից:

Օրրանի գլխավոր բարերարներից մեկն ու Տնօրենների խորհրդի ֆինանսական խորհրդատու Գրիգոր Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց Օրրանի ֆինանսական բազմակողմանի տարեկան հաշվետվությունը: Նա ընդգծեց, որ Օրրանի վարչական ծախսերը կազմում են 13%՝ ի տարբերություն մյուս նմանատիպ կազմակերպությունների, որոնց մոտ վարչական ծախսերը կազմում են միջինը՝ 30 % և ավելին:

Հերայր և Լոռի Գարբուշյանները Բեվերլի Հիլզի Գարբուշյան Պատկերասրահից աճուրդի համար տրամադրեցին աշխարհահռչակ Հակոբ Հակոբյանի, ինչպես նաև՝ արվեստագետներ Վերա Արությունյանի, Գալուստ Գուեդելի, Սեդա Սաարի և ֆոտոնկարիչ Արա Օշագանի արվեստի գործերը:

Երեկոյի ընթացքում Օրրանին պատվոգրեր շնորհվեցին Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ Մայք Գատտոյի, ինչպես նաև՝ Լոս Անջելես շրջանի քաղաքապետ Միքայել Դ. Անտոնովիչի անունից, որը հանձնեց քաղծառայության հանձնաժողովի անդամ Գրեգ Քահվաջյանը:

Անկասկած, երեկոյի գլխավոր իրադարձությունը Սերժ Թանկյանի լեգենդար կիթառի աճուրդն էր: Այդ կիթառով Սերժը նվագել է Wake Up the Souls շրջագայության ժամանակ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի վրա ստորագրել էին System of  a Down խմբի բոլոր անդամները: Պարոն Թանկյանը, ներկայացնելով կիթառը, հիշեց , թե ինչպես երկու տարի առաջ իր և իր տիկնոջ՝ Անժելայի հովանավորությամբ Վանաձորում ծերերի համար ամենօրյա սննդի ծրագիր բացվեց: Աշխույժ կենդանի աճուրդի արդյունքում կիթառը գնեց պարոն Գարո Մարդիրոսյանը՝ վճարելով 27,000 ԱՄՆ դոլար:

Հիլդա Բոգոսյանը՝ Հյուսիսային Ամերիկայում Օրրանի զարգացման պատասխանատուն նշեց. «Մենք շնորհակալ ենք մեր առատաձեռն հայրենակիցներից, ովքեր մասնակցեցին «Հուսո Ճանապարհին»՝ հուսադրող լուր հղելով կարիքավոր երեխաներին և միայնակ տարեցներին»:

Օրրան բարեգործական հիմնադրամը հիմնադրվել  է 2000թ.-ի ապրիլին, որի առաքելությունն է աջակցել կարիքավոր երեխաներին և ծերերին՝ տրամադրելով սննդի, կրթական, սոցիալական, հոգեբանական, բժշկական համալիր ծառայություններ: Մինչ օրս, ավելի քան 7000 մարդ է օգտվել Օրրանի ծառայությունից: Միացե´ք մեր ֆեյսբուքյան էջին և գտե´ք մանրամասն տեղեկատվությունտեղեկատվություն Օրրանի մասին՝  www.orran.am վեբ կայքում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նկարն արված է «Ka'mera Productions»-ի կողմից:

Ձախից աջ՝ Արմինե Հովհաննիսյան, Սերժ և Անժելա Թանկյաններ,  Յուլիա Սպիրիդոնովա և Գարո Մարդիրոսսյան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին